ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումից անցել է 8 տարի

Փարիզ - Երևան, 2010թ. ապրիլի 2
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Լրատվամիջոցների աջակցության «Ինտերնյուս» հկ-ն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը իրենց մտահոգությունն են արտահայտում Հայաստանի Հանրապետությունում խոսքի և մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ։
Այս ոլորտում իրավիճակը կտրուկ վատթարացավ 2002 թվականի ապրիլի 2-ից, երբ «Ա1+» անկախ մասնավոր հեռուստաընկերությունը զրկվեց հեռարձակվելու հնարավորությունից։ «Ա1+»-ի եթերազրկում անմիջապես ազդեց Հայաստանում բազմակարծության մակարդակի վրա, գրեթե բոլոր հեռարձակողները սկսեցին գործել էլ ավելի զգուշորեն: Կիրառվում է քողարկված գրաքննություն՝ հարկային, տնտեսական, ինչպես նաև քաղաքական ներազդման լծակների օգտագործմամբ:
2002 թվականի ապրիլից ի վեր «Ա1+» հեռուստաընկերությունը մասնակցել է հեռարձակման լիցենզավորման 10-ից ավելի մրցույթների և բոլոր դեպքերում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ նա լիցենզիա չի ստացել: Հայաստանի լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների համոզմամբ «Ա1+»-ը դարձել է քաղաքական հետապնդման զոհ: Իշխանություններն էլ, իրենց հերթին, հայտարարում են, թե «Ա1+»-ը պարտվել է հեռարձակման լիցենզավորման մրցույթներում: Այս հարցում վերջնական պարզություն մտցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն իր 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ հաստատեց, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այսինքն՝ հեռուստաընկերության՝ ազատորեն տեղեկություններ և գաղափարներ տարածելու իրավունքը: Այսուհահանդերձ, ՀՀ Ազգային ժողովը 2008 թվականի սեպտեմբերի 10-ին լրացում կատարեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում՝ երկու տարով դադարեցնելով հեռարձակման լիցենզավորման մրցույթների անցկացումը։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2010 թվականի մարտի 4-ին անդրադարձել է «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշման կատարմանը և հիշեցրել, որ «սպասում է մանրամասն տեղեկատվության' իրավասու դատական իշխանությունների կողմից դիմումատուի իրավական պաշտպանության միջոցների կիրառման զարգացումների մասին»։
Եվրոպայի խորհուրդը, 2010 թվականին ևս մեկ անգամ անդրադառնալով «Ա1+»-ի խնդրին, իր 1897 (2010)՝ «Հարգանք մամուլի ազատության նկատմամբ» բանաձևում կոչ է արել Հայաստանի կառավարությանը՝ «վերանայել հեռարձակման լիցենզավորումը կարգավորող օրենքը, որն ընդունվել է որպես Մարդու իրավունքների եվրոպականի դատարանի «Մելտեքս ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանը ընդդեմ Հայաստանի» գործի վերաբերյալ կայացրած 2008 թ հունիսի 17-ի որոշման հակամիջոց»։
Չնայած վերը նշված հանգամանքների՝ «Ա1+» հեռուստաընկերությունը շարունակում է եթերազրկված մնալ։
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կերաշխավորեն երկրում խոսքի ազատության լիարժեք իրականացումը։ Մասնավորապես, կայանալիք հեռարձակման լիցենզավորման մրցույթներում ապահովել անաչառություն և թափանցիկություն՝ դրանով իսկ երաշխավորելով հիմնավորված որոշումներ, որոնք կարժանանան հասարակության վստահությանը։
