Ոստիկանությունում բռնության է ենթարկվել 26-ամյա երիտասարդը

Երեկ ոստիկանության Արտաշատի բաժին իր տնից ապօրինի բերման է ենթարկվել  Արտաշատի բնակիչ 26-ամյա Գարիկ Հարությունյանը։ Ոստիկանության երկու աշխատակից առանց ծանուցագրի ու որևէ պատճառաբանության նրան ստիպել են նստել իրենց մեքենան ու տարել՝ թույլ չտալով օգտվել իր պաշտպանական իրավունքից։

Գարիկին ոստիկանությունում են պահել առավոտյան ժամը 9։00-ից մինչև 17։30-ը։

Գարիկն ասում է, որ ոստիկանության քրեական բաժնի պետը նրան մեղադրել է օրեր առաջ Արտաշատի խանութներից մեկում կատարված գողության մեջ։

«Քրեկանի պետն անձամբ սկսեց ինձ ծեծել ու ասել, թե ես գողություն եմ արել, իսկ ես նույնիսկ չգիտեի՝ինչի համար են ինձ բերել ոստիկանություն»,- պատմում է Գարիկը։

Նրա ձեռքից վերցրել են հեռախոսն ու թույլ չտվել՝ կապվել փաստաբանի հետ։ Իսկ երբ  բարձրաձայնել է զանգելու իր իրավունքի մասին, պետն ասել է՝«Դու ո՞վ ես, որ զանգես մարդ գա»։

Բաժին բերման ենթարկած ոստիկաններից մեկը Գարիկին է տվել հեռախոսն ու ասել, որ նա զանգի ու մինչև մայրաքաղաքում գտնվող քննիչի վերադարձը՝ ոստիկանություն կանչի նաև իր կրտսեր եղբորը (23 տարեկան)։ Գարիկն էլ օգտվել է առիթից ու երբ մենակ է մնացել, զանգել է հոր փաստաբան Վարդան Ղուկասյանին։ Վերջինս ժամեր անց մայրաքաղաքից հայտնվել է Արտաշատի ոստիկանությունում, ու կես ժամ հետո Գարիկին բաց են թողել։

Փաստաբանն ասում է, որ երբ հարցրել է, թե ինչ հիմքով են Գարիկին պահում, ոստիկանությունում պատասխանել են՝«Դե, բան կար ճշտելու », իսկ երբ նա բողոքել է, որ իրավունք չունեին կես ժամից ավել Գարիկին էնտեղ պահելու, վերջիններս 5 րոպե հետո բաց են թողել տղային։

Հարցն այն է, որ գողության հետ կապ չունեցող Գարիկի հայրը՝ Նշան Հարությունյանը, ապօրինի խարդախության մեղադրանքով դատապարտվել է 5 տարի ազատազրկման, իսկ երեկ ստացվել է Վճռաբեկ դատարանի պատասխանը, որով նա Նշանի գործը վարույթ չի վերցրել։ Մենք այս գործով հետաքննություն ենք անցկացրել ու բացահայտել դատարանների և դատախազության  ապօրինությունները, ինչը պնդում են նաև գործով մասնակից փաստաբանները (նայել այստեղ http://www.hra.am/am/point-of-view/2010/03/09/court):

Ակնհայտ է, որ Գարիկի նկատմամբ կիրառված երեկվա բռնությունը կարող է դիտվել՝ որպես ճնշում՝ Նշանի ընտանիքի անդամների վրա, որպեսզի վերջիննես դադարեցնեն բողոքել Նշանի նկատմամբ կայացված անարդար դատավճռի դեմ։

Փաստաբան Նիկողոսյանն ասում է, որ վճռաբեկ դատարանի կողմից բողոքի մերժումը անհիմն է․«Ակնհայտ է, որ Նշանի գործի հետևում կանգնած է ինչ-որ մեկը»։

Գարիկը համոզված է, որ իր հետ նման կերպով վարվեցին՝ վախեցնելու համար, որ հոր գործով դադարեն բողոքել։

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ դատախազությունն ամեն ինչ անում է և արել է ՝ ներգործելու վճռաբեկ դատարանի վրա, որպեսզի վճռաբեկ բողոքը վարույթ չընդունվեր։ Ըստ շրջանառվող լուրերի՝այս գործով շահագրգիռ է Արտաշատի նախկին մարզային դատախազ Սուրեն Պարսամյանը։ Եվ որպես շարունակություն այս ամենի՝ոստիկանները ներխուժել են այդ ընտանիք, նրանց բողոքի ձայնը լռեցնելու համար։

Քրիստինե Վարդանյան