ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վարչական դատարանը մերժեց Թեղուտի հայցը

Մարտի 24-ին Երևանի վարչական դատարանի դատավոր Արծրունի Միրզոյանը մերժել է «Էկոդար» ՀԿ հայցն՝ ընդդեմ ՀՀ կառավարության: Դատարանը համարել է, որ հասարակական կազմակերպությունը բնապահպանական խախտում վիճարկելու իրավունք չունի, չնայած հայցն ընդունել էր քննության:
«Էկոդար» ՀԿ-ի ղեկավար Հրայր Սավզյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նման վճիռ կանխատեսում էին, և սա կարող է. «Հավելյալ հումք ծառայել, որպեսզի ավելի վստահորեն դիմենք միջազգային ատյաններ, օրինակ' Եվրոպական դատարան կամ Օրհուսի կոմիտե, որն արդեն քննում է մեր դիմումը, որպեսզի առավել ուշադիր վերաբերվեն այս խնդրին»:
ՀԿ-ի շահերի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, ով դեռ երեկ կանխատեսել էր, որ վարչական դատարանը մերժելու է հայցը, նշեց, որ հրապարակված վճռում մերժման հիմքերը շատ հեռու են օրենքից եւ իրականությունից:
Իբրև մերժման պատճառաբանություն նշված է, որ «Էկոդար»-ն իրավունք չունի դատարանում վիճարկել էկոլոգիական խախտումը, քանի որ «ՀԿ-ի իրավունքներն ու պարտականությունները չեն շոշափում բնապահպանական խնդիրները»:
Պատշաճ հայցվոր ճանաչված «Էկոդար» հասարակական կազմակերպությունը ծավալուն հայցադիմումով վիճարկում է կառավարության' տարբեր տարիների ընդունած որոշումները, մասնավորապես, պահանջում է անօրինական ճանաչել Հայաստանի բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության երկու եզրակացությունները.կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպես նաև Armenian Cooper Programm ընկերությանը Թեղուտի հանքավայրի շահագործման տրամադրումը:
Հայցում հիմնավորվում է, թե Թեղուտի հանքի շահագործման դեպքում ինչպիսի վնասներ կկրի բնությունն ու տնտեսությունը:
Ինչ վերաբերում է հրապարակված վճռին, ապա, այն փաստաբանը որակեց շատ վատ: Նրա համար անակնկալ չէր նման վճռի կայացումը, սակայն հույս է ունեցել, որ գոնե հրապարկային դատավարություն կլինի.
«Ես գիտեի, որ դատարանի վրա կա ճնշում, նա չի համարձակվելու մեր օգտին վճիռ կայացնել' նկատի ունենալով, թե ինչ հսկայական ֆինանսական շահեր են այս գործի մեջ շոշափվում ու թե ինչ մարդիկ են խառնված: Ամեն ինչ արվեց այնպիսի տեխնոլոգիաներով, որպեսզի հրապարակային քննություն չլինի, որպեսզի հանրությունն այդ ամեն ինչից չկարողանա ինքն իր պատկերացումը կազմի»:
Հայկ Ալումյանը դա մեկնաբանում է նրանով, որ այժմ թեւակոխել ենք մի նոր փուլ, երբ ապօրինությունն այլ կերպ են անում.
«Առաջ դատավարություն էր լինում, հետո ապօրինաբար դատական ակտ էր կայացվում: Հիմա դատավարություն էլ տեղի չի ունենում: Գնալով կատարելագործվում են: Կարող ենք արձանագրել, որ ապօրինաբար չկայացվեց դատավարություն»:
Փաստաբանի պարզաբանմամբ արագացված դատաքննությունը կիրառվում է այն դեպքում, երբ հայցն ակնհայտ ապօրինի է կամ ակնհայտ անհիմն. «ուստի առանց ապացույցները հետազոտելու կարելի է գալ վերջնական հետևության»:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը պնդում է, որ այս դեպքում որևէ հիմք չկար նման կարգ կիրառելու:
«Դատարանը չուզեց հրապարակային կարգով քննություն, որովհետև այդ դեպքում կբացահայտվեն այն շատ լուրջ խախտումները, որոնք իրականում տեղի են ունեցել: Այս աբսուրդը, որ հիմա տեղի է ունենում, ընդամենը կարող է ծառայել կարճատև նպատակների' հենց հիմա ինչ որ բան քողարկել հասարակությունից: Բայց վերջին հաշվով համոզված եմ, որ այս գործը շահելու ենք», համոզված է փաստաբանը:
Հիշեցնենք, որ վարչական դատարանը երկու անգամ մերժել էր այս հայցի քննությունը և հայցադիմումը վարույթ էր ընդունել միայն Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:
