Բռնությունների վերաբերյալ քրեական գործը կասեցվել է

Մարտի 12-ին կասեցվել է Երևանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններում Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանին, նրա որդուն՝ Կարեն Մակեյանին և Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:

Կասեցման հիմքը, ըստ Ոստիկանության, հանցագործություն կատարած անձանց չհայտնաբերվելն է: Չնայած նրան, որ Պետրոս Մակեյանը մշտապես հայտարարել է, որ իրենց ծեծի են ենթարկել «սափրագլուխները», որոնց հետ համագործակցել են ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն ու թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձը:

Պետրոս Մակեյանը ասել է, որ հանցագործություն կատարողները բոլորին էլ հայտնի են, հայտնի են նաև այն մեքենաների համարները, որով նրանք հեռացել են տեղամասից, պարզապես իշխանությունները չեն ցանկանում նրանց դատապարտել:

«Այդպիսով իշխանությունները ուժեղացնում են վերահսկողությունը նրանց նկատմամբ, որպեսզի գալիք ընտրություններում վերջիններս ավելի շատ հանցագործություն կատարեն», -կարծիք է հայտնել Մակեյանը։

Հիշեցնենք, որ հայր ու որդի Մակեյաններ, ինչպես նաևՍուրեն Մարտիրոսյանը ծեծի էին ենթարկվել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ և մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ճանաչվել են գործով տուժողներ, ինչը Մակեյանը  որակել էր «չակերտավոր» առաջընթաց'«այն առումով, որ մեզ չեն ազատազրկել, մեղադրյալ չեն ճանաչել», ասել էր ընդդիմադիր գործիչը:

Նշենք, որ ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան' ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: ՍԴ-ն դեռ որոշում չի կայացրել: