Արդարադատության նախարարի պատասխանը

Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը պատասխանել է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փետրվարի 3-ի նամակին։

Հիշեցնենք, որ խումբը խնդրել էր միջամտել դատապարտյալներ Մ.Հ.-ի և Հ.Վ.-ի առողջության հետ կապված ՀՀ ԱՆ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու հարցում։

Նախարարի պատասխան նամակում նշված է, որ քրեակատարողական վաչությունում քննարկվել է հասարակական դիտորդների խմբի հրատապ հաշվետվությունը և որոշվել է կազմակերպել լրացուցիչ հետազոտություն։ «Իմ կողմից երկու անձանց վերաբերյալ էլ գործընթացները վերցված են հսկողության տակ»,-նշված է նախարարի նամակում։

Ըստ այդմ, 2010 թ-ի փետրվարի 16-ին դատապարտյալ Հ․Վ․-ն լրացուցիչ հետազոտվել է «Գապեկս» ակնաբուժական կլինիկայում, ինչից պարզ է դարձել, որ Հ․Վ.-ի հիվանդության ախտորոշումը համապատասխանում է կառավարության «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկման և կանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» որոշման հավելված 2-ով հաստատված «Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների» ցանկին։

Ինչ վերաբերում է դատապարտյալ Մ․Հ․-ին, ապա նա 2010 թ-ի փետրվարի 3-ին նախ հրաժարվել, ապա 20 օր անց համաձայնվել է լրացուցիչ հետազոտություն անցնել։ Արդարադատության նախարարի նամակում նշված է, որ իր օգնականը հանդիպել է Մ․Հ․-ի հետ։ Նա հայտարարել է, որ ոչ թե հրաժարվել է բժշկական զննությունից, այլ նախապես իրեն չեն հայտնել բժշկական հետազոտության մասին։

Նշենք, որ դատապարտյալ Մ.Հ․-ն տառապում է ուռուցքային հիվանդությամբ (ըստ ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոլոգ Ծառուկյանի խորհրդատվության՝ երիկամային երակի ուռուցքային թրոմբ), իսկ Հ.Վ․-ն տեսողության լուրջ խնդիրներ ունի (բարդացած կատարակտով)։

Արդարադատության նախարարի պատասխանն ամբողջությամբ (pdf. 850 kB)