ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրագրողներին լռեցնելու միտումը պահպանվում է
«Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները և դատական գործերը Հայաստանում 2008-2009. դեպքեր և վերլուծություններ» գիրքը, որը հրատարակել է «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, ներառում է վերջին 2 տարիներին լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերը։
Գրքի թեմաները նախկինում hetq.am ինտերնետային կայքի հրապարակումներն են. բռնություններ, դատական գործեր, որոնք հարուցվել են լրագրողների նկատմամբ վիրավորանքի և զրպարտության մեղադրանքներով: Գրքում իրադարձությունները ներկայացված են փաստերով, կան նաև վերլուծություններ Հայաստանի և միջազգային օրենսդրության համատեքստում, դատական գործերով կայացված վճիռներին տրվել են իրավական գնահատականներ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպանի պաշտոնակատար Կարել Հոֆսթրանի կարծիքով գրքի թեման կարևոր է ժողովրդավարական ուղին բռնած ցանկացած երկրի հասարակության համար։
«Հետք»-ի փոխխմբագիր Լիաննա Սայադյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ աճում է լրագրողների նկատմամբ բռնությունների ու սպառնալիքների թիվը, իսկ վերջին 2 տասնամյակում՝ հատկապես քաղաքական ակտիվ տարիներին, երկրում լրագրողներին լռեցնելու միտում է նկատվում։ Իրավապահ մարմիններն էլ չեն դրսևորում քաղաքական կամք՝դրանք բացահայտելու։
Նրա խոսքով՝ գրքի առաջին մասում ներկայացված են դեպքեր, երբ քրեական գործ հարուցելիս ոստիկանությունը պատշաճ քննչական գործողություններ չի իրականացրել, և վկաները չեն հարցաքննվել։
«Բոլոր դատական գործերը վերլուծվել են Հայաստանի օրենսդրության և Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատքստում և Եվրոպական դատարանի նախադեպերի լույսի ներքո»,ընդգծված է գրքում։
«Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կարծիքով քրեական գործերի հետ շփվելիս անընդհատ հանդիպում ես ոչ պրոֆեսիոնալիզմի:
«Նախ ամեն ինչի համար Հայաստանում քաղաքական որոշում են կայացնում, 2-րդն էլ՝ իրավապահները նախաքննության ընթացքում այնպիսի սխալներ են թույլ տալիս, որոնք հետո նույնիսկ դատարանում չես կարող վերականգնել, օրինակ՝ տեղանքի զննում, մատնահետքեր և այլն: Ոչնչի վրա ուշադրություն չեն դարձնում»,- ասում է Բաղդասարյանը։
Նրա խոսքով` իր համար ժուռնալիստի իրավունքն ավելի բարձր չէ, քան որևէ գյուղացունը։ Բոլորը հավասար են: Իսկ ընդհանրապես ժուռնալիստներն ավելի արտոնյալ վիճակում են, քանի որ կարողանում են գոնե գրել և իրենց այդպես պաշտպանել։
«Հետք»-ի խմբագրի կարծիքով՝ դժվարություններն առաջանում են հատկապես իրվապահների հետ աշխատելիս, երբ նրանք հարցերին տալիս են ոչ թե կոնկրետ, այլ ընդհանուր պատասխաններ։
«Հաճախ ստանում ենք պատասխանն ու ստիպված այդ պատասխանի հիման վրա նորից հարցում ենք ուղարկում' աբսուրդ վիճակ է: Ընդհանրապես, մեր բոլոր կառույցները փակ են, երբ տալիս ես կոնկրետ հարցեր: Օրինակ, պետեկամուտների ամանորյա նվերների հետ կապված` իրականում ամենամեծ խնդիրը շարունակությունն էր, թե որտեղից են 1 միլիոն դրամով ժամացույցներ գնել, մթերքներ և այլն: Ովքե՞ր են եղել մեկ միլիոն դրամանոց ժամացույցով պարգևատրվող մարդիկ: Ու երբ դու սկսում ես այդ հարցերը տալ, պատասխան չես ստանում»,- ասաց նա:
Բաղադասարյանի կարծիքով՝Հայաստանում ամեն ինչի համար պետք է քաղաքական որոշում կայացնել, իսկ լրագրողների նկատմամբ իրականացված բնությունների առթիվ հարուցված գործերի մասով քաղաքական պատվեր չի իջեցվում որպեսզի որևէ գործ բացահայտվի:
