Մարիամ Սուխուդյանը վկայի կարգավիճակում

Երեկ Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մաիրամ Սուխուդյանը որպես վկա հրավիրվել է Երևանի քննչական վարչություն, որտեղ ցուցմունքներ է տվել՝ ներկայացնելով է այն ամենը, ինչ գիտի Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի՝ անչափահասների նկատմամբ ոտնձգությունների մասին։

«Բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստով» քրեական գործ է հարուցվել թիվ 11 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Մարիամի նկատմամբ նախ մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի «զրպարտության» հոդվածով, ապա «սուտ մատնության»։ Անցած  հոկտեմբերի մեղադրանքը կրկին վերաորակվեց նախկին հոդվածով:Իբր Մարիամը զրպարտելով հրապարակայնացրել է Ավագյանի կողմից դպրոցի աշակերտների նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին ունցած իր տեղեկությունները։

Այժմ էլ Մարիամի նկատմամբ քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է։ Այն չի կարճվել։ Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը երեկ հայտարարել է.

«Թեպետ Լևոն Ավագյանի դեմ քրեական գործ հարուցվեց, այդուհանդերձ Մարիամի նկատմամբ «Զրպարտության» մեղադրանքով գործը դեռ կարճված չէ»։

Ավագյանի նկատմամբ քրեական գործի հարուցման հետ կապված Մարիամ Սուխուդյանն ընդգծել է, որ «սեռական բռնությունները հատուկ դպրոցի միակ աղմկահարույց փաստը չեն, որ այնտեղ սովորում են մտավոր խնդիրներ չունեցող երեխաներ ևս, ինչի հետևանքով շարունակվում է ճակատագրերի խեղումը»։    

Մարիամ Սուխուդյանն այս դպրոցում մասնակացել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող կամավորական ծրագրերից մեկով և խմբի այլ անդամների հետ ահազանգել դպրոցում տիրող վիճակի մասին' վատ սննունդ, թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, նաև' սաների նկատմամբ ոտնձգություններ ուսուցիչների կողմից:

Նկատենք, որ այս գործը հանրության շրջանում մեծ արձագանք առաջացրեց։ Մարիամ Սուխուդյանին աջակցող բազում երիտասարդական խմբեր ու կազմակերպություններ հայտնվեցին։ Նաև մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որոնք ապացութցում էին Սուխուդյանի հայտնած տեղեկությունների արժանահավատությունը։