Սարիբեկ Սուքիասյանն ազատ արձակվեց

Երեկ ժամը 18-ի սահմաններում ազատ են արձակվել «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանն ու «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը: Փաստաբան Լուսինե Սահակյանի փոխանցմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ հանրապետությունից չբացակայելու մասին: Էրեբունու ոստիկանությունում նրանք պահվել են օրենքով նախատեսված 72 ժամը և առանց մեղադրանք առաջադրելու ազատ արձակել։

Ոստիկանությունը շարունակում է քննությունը։ Սուքիասյանն ու Ստեփանյանը գործով անցնում են որպես կասկածյալներ։ Նրանք կասկածվում են «Աուդիտ» ընկերության տնօրեն Գոռ Դավթյանին (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքների) տակ ինչ որ փաստաթղթեր ստորագրել տալու մեջ։

Ստեփանյանը կասկածվում էր նաև ապօրինի զենք պահելու մեջ, սակայն ինչպես վստահեցնում են փաստաբանները, ոստիկանությունը նրանից զենք չի առգրավվել։։

«Գոռ Դավթյանը գրասենյակում ազատորեն տեղաշարժվել է, նրան որևէ մեկը չի սպառնացել և նա ահաբելված չի եղել, ոստիկանությունը նրան չի հայտնաբերել անազատության մեջ», ասել էր փաստաբան Լուսինե Սահակյանը։     

Վերջիններիս Էրեբունու ոստիկանության բաժին բերման էին ենթարկել անցած ուրբաթ օրը և ապօրինի անազատության մեջ էին պահել շուրջ 10 ժամ՝ մինչև ձերբակալության պահը։ Սուքիասյանն ու Ստեփանյանը շուրջ 5 ժամ   զրկված են եղել իրավաբանական օգնություն ստանալու իրենց իրավունքից։ Ոստիկանությունը թույլ չի տվել, որպեսզի վերջիններս տեսակցեն դրսում իրենց սպասող փաստաբաններին։

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը արձանագրել էր բերման ենթարկվածների իրավաբանական օգնություն չստանալու հանգամանքը։