ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունում բռնությունները շարունակվում են
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրում շատերի մարմինների վրա արձանագրել են «կարմրակապտավուն հետքեր, այտուցներ և բաց վերքերով քերծվածքներ»։ Այդ կապակցությամբ Արմեն Հարությունյանն այսօր նամակներ է հղել ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազին:
«Նկատի ունենալով, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում, համապատասխան ցուցում ստանալուց հետո, կրկին տեղի են ունեցել նույն իրավախախտման դեպքերը և դրանք կրում են զանգվածային բնույթ՝ խնդրում եմ ներկայացնել Ձեր պարզաբանումները»,- ասված է Ալիկ Սարգսյանին ուղղված նամակում:
ՄԻ պաշտպանը ոստիկանապետին հորդորել է ծառայողական քննություն անցկացնել և միջոցներ ձեռնարկել իրավախախտ պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Արմեն Հարությունյանը նամակում նշել է, որ կալանավորներին ՁԱՊՎ են տեղափոխել ոստիկանության տարբեր բաժիններում մեկ և ավելի օրեր պահելուց հետո: Կից ներկայացնված է տեղեկություն 57 ձերբակալված անձանց վերաբերյալ:
Իսկ Գլխավոր դատախազին ուղղված նամակում Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում հայտնել՝ «արդյոք նշված փաստերով ՀՀ դատախազության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Եթե այո, ապա տալ տեղեկատվություն դրանց արդյունքների վերաբերյալ»:
