ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սահմանադրական դատարանի որոշումը
Հայաստանի Սահմանադրական դատարանը քիչ առաջ ավարտել է խորհրդակցությունը և հրապարակել կայացրած որոշումը, համաձայն որի հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասախանող։
Այդ կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տարածել է հետևյալ հաղորդագրութունը՝
ՀՀ Սահմանադրական դատարանը 2010թ. հունվարի 12-ին քննության առնելով «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված' «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների' Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, մասնավորապես, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ.
ա) նշված արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները' միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին.
բ) միջազգային պայմանագրերի նախաբաններում համընդհանուր ճանաչում ու լայն կիրառում գտած' «հաշվի առնելով», «նկատի ունենալով», «ճանաչելով», «նշելով», «ղեկավարվելով», «ձգտելով» , «գիտակցելով» , «կարեւորելով», «հաստատելով», «վերահաստատելով», «հավաստելով», «վկայակոչելով» , «հիշեցնելով», «ընդունելով», «համոզված լինելով» եւ այլ եզրույթներն արձանագրում են գոյություն ունեցող, փաստացի իրողություններ, ցանկություններ, նպատակներ, ձգտումներ, որոշակի ընդհանուր սկզբունքներ եւ այլն, որոնք նկատի ունենալով' պայմանագրի կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստանձնել որոշակի միջազգային իրավական պարտավորություններ: Հիշյալ արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները' «...հաստատել դիվանագիտական հարաբերություններ" եւ «...բացել ընդհանուր սահմանը» , ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն: Հետեւաբար, այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար.
գ) նշված արձանագրությունները չեն նախատեսում վիճելի հարցերի լուծման, պայմանագրային պարտավորությունների կասեցման կամ դադարեցման ընթացակարգեր ու պայմաններ: Առավելապես շեշտադրումը կատարվում է ցանկությունների, նպատակների, հարաբերությունների հետագա զարգացման նախադրյալների ստեղծման մտադրությունների վրա: Ուստի սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը խարսխված կլինի երկու պետությունների միջեւ գրավոր ձեւով կնքված եւ միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա (համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի a) ենթակետի), որոնցով ստանձնվող պարտավորությունների սահմանադրականության գնահատման հարցը ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն կդառնա ինքնուրույն քննության առարկա.
դ) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին" արձանագրությամբ նախատեսված' ընդհանուր սահմանը բացելու վերաբերյալ կողմերի հանձնառության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառությունը վերաբերելի է սահմանային անցակետերի բնականոն գործունեությունն իր կողմից ապահովելու հետ կապված իրավակազմակերպչական ու կառուցակարգային խնդիրները լուծելու պատրաստակամությանը:
ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է նաեւ, որ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կարող են ունենալ միայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում' նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականության ու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս լինելու հանգամանքները:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաեւ միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը' նախատեսվող պարտավորությունների ստանձնման եւ դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն դատարանի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:
ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Լուսանկարը՝ Photolur