Մարի Յովանովիչը արժանացել է Հիլարի Քլինթոնի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն' «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ-ի այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում»:

«Դեսպան Յովանովիչին ընտրելով այս մրցանակի համար' պետքարտուղար Քլինթոնը առանձնացրել է սկզբունքային առաջնորդման ու դիվանագիտական միջոցների օգտագործման նրա նորարարական մոտեցումը մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը' որպես Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչ, խթանելու եւ պաշտպանելու հարցում», - ասված է հաղորդագրությունում: - «Պետքարտուղար Քլինթոնը առանձնակի նշել է դեսպան Յովանովիչի եւ նրա ղեկավարած թիմի շահապաշտպան գործունությունը' ուղղված 2008 թվականի փետրվարին կայացած վիճահարույց ընտրություններից հետո ձերբակալվածների հանդեպ իրավաչափ գործընթացների ու թափանցիկ քննությունների ապահովմանը, եւ դեսպանի ջանքերը' ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը' միաժամանակ ապահովելով դրական հարաբերություններ Հայաստանի կառավարության հետ»:

Մրցանակի շնորհման մասին հայտարարությունը ԱՄՆ-ի կառավարության կողմից կատարվել է դեկտեմբերի 10-ին' Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մրցանակը դեսպան Յովանովիչին կհանձնվի եկող տարվա սկզբին:

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, սակայն այդ մրցանակին իրավամբ արժանի են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնողները' լինեն կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից, թե լրատվամիջոցներից», - հայտարարել է Մարի Յովանովիչը: - «Ինչպես նշել է պետքարտուղար Քլինթոնը' մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ցանկացած բանական էակի բնատուր իրավունքներն են, որոնք մարդկային արժանապատվության, միջազգային խաղաղության ու առաջընթացի հիմքն են կազմում: Դիվանագիտական իմ ողջ գործունեության ընթացքում ես հավատացել եմ այդ սկզբունքներին եւ, որտեղ էլ որ աշխատել եմ, ձգտել եմ խթանել այդ սկզբունքները»:

Կարծիք հայտնելով, որ 18 տարիների ընթացքում Հայաստանը առաջընթաց շատ է ունեցել, սակայն մարդու իրավունքների ոլորտում դեռ շատ անելիք կա, դեսպանը հավելել է. - «Ես ուզում եմ օգնել այդ հարցում եւ ուզում եմ դա անել կառուցողականորեն»:

Ազատություն ռադիոկայան