ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արշակ Բանուչյանը դատապարտվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվել է Մատենադարանի նախկին փոխտնօրեն, այժմ Հնագրագիտության բաժնի վարիչ Արշակ Բանուչյանի գործով դատավճիռը: Արշակ Բանուչյանը մեղավոր է ճանաչվել խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ։ Նա դատապարտվել է համապատասխանաբար 2 և 1 տարի ազատազրկման' առանց որոշակի զբաղեցրած պաշտոնի կամ գործունեության զրկման: Համաներում հայտարարելու ԱԺ որոշմամբ Արշակ Բանուչյանն ազատվել է 3 տարի ընդհանուր պատիժը կրելուց: Դատարանը վճռել է հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի բռնագանձել մոտ 2.3 մլն դրամ:
Բանուչյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը բազմիցս հայտարարել է, որ մեղադրանքն անհիմն է և «վատնման փաստ չկա»։ Դատական նիստի ավարտից հետո Արշակ Բանուչյանը հայտարարել է, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը. «Հանցանք չգործած արարքի վրա պատիժ կիրառելը, հետո համաներում կիրառելը ո՞նց կարող ենք արդարացի վճիռ համարել»:
Հարկերից խուսափելու և դրանք բռնագանձելու մասով գործի քննությունը դեռևս շարունակվում է վարչական դատարանում: Ըստ մեղադրանքի' Բանուչյանը մոտ 10.8 մլն դրամի չափով խուսափել է հարկերից, իսկ ըստ փորձագետի եզրակացության' 7 մլն 300 հազար:
Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հայտարարել է, թե իր նկատմամբ շարունակվում է քաղաքական հետապնդումը: Ներկայացված մեղադրանքները, ըստ նրա, «մտացածին բաներ են, մեկնաբանություններ են, օրենքի վրա չի հիմնավորված»:
«Անշնորհակալ գործ է' մեկնաբանել այն ամենը, ինչ կատարում է հիմա մեր դատաիրավական համակարգը, որովհետեւ դեռ 15 հոգի էլ ունենք նստած հիմա քաղբանտարկյալներ, որոնց գործերն էլ շատ անհեթեթ, այսպես ... Փնտրել ինչ-որ տրամաբանություն այս ամբողջի մեջ' չկա: Կա մարդկանց ձեռքին իշխանություն, լծակներ, եւ այդ իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն տեսակ անօրինականությունների», - ասել է Բանուչյանը:
Սա Արշակ Բանուչյանի նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործն է: Նա 2008 թվականի նախագահական ընտրություններում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր, մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ընտրողի ազատ կամքի արտահայտմանը խոչընդոտելու, մասնավորապես' Տեր-Պետրոսյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներով: 4 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո'հուլիսին նրա խափանման միջոցը փոխվեց, իսկ հոկտեմբերին կարճվեց քրեական գործը։ Այնուհետեւ առաջադրվեց երկրորդ մեղադրանքը:
«Իմ' կալանավայրում եղած ժամանակ դեռ, ըստ երեւույթին' տեսնելով, որ այդ գործը որեւէ ձեւով հնարավորություն չի ստեղծում պատժելու, կամ ինձ պատժելու միջոցով' նաեւ վախեցնելու այլ մտավորականներին, որոնք, ըստ էության, ժողովրդի կողքին կանգնած են, նոր քրեական գործ սկսվեց», ասել է Մատենադարանի գիտաշխատողը,-«Փորձել են փնտրել եւ ինչ-որ բաներ գտնել: Եվ ամեն ինչը քրքրելուց, մի քանի անգամ նայելուց հետո, վերջապես, ինչ-որ մի բան կարողացել են, իրենց թվում է, գտնել»:
Լուսանկարը www.lragir.am կայքից։
