Խափանման միջոցը փոխվեց

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնրարկից երեկ ազատ է արձակվել ավելի քան 3 ամիս անազատության մեջ գտնվող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։

ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իրեն դիմավորող ընկերներին ու լրագրողներին Տիգրան Առաքելյանն ասել է, թե այդպես էլ չի հասկացել ինչու էին իրեն ձերբակալել և ինչու են հիմա ազատ արձակում։

Տիգրանը լրագրողների հետ կարճատև զրույցի ընթացքում ասել է, որ վնասվել է իր աչքի տեսողական նյարդը և աչքին շատ լուրջ բուժում է պահանջվում: Նկատելի եղել, որ Տիգրան Առաքելյանը վատառողջ է և դժվարությամբ է քայլում: Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժի ախտորոշմամբ «Առաքելյանի մոտ առկա է տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա»։

Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 30-ին մերժել էր Առաքելյանի պաշտպան Վարդուհի էլբակյանի իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու կամ գրավով փոխարինելու դիմումը։:Փաստաբանի փոխանցմամբ՝ խափանման միջոցը փոխելու դիմում ներկայացնելու հիմնական պատճառը Տիգրան Առաքելյանի առողջական ծանր վիճակն է եղել:

Գլխավոր դատախազության կողմից ցուցում է տրվել «հաշվի առնելով, որ հիմնական քննչական գործողությունները կատարվել են և Տիգրան Առաքելյանի անազատության մեջ գտնվելը ներկայումս չի խոչնդոտի քննության հետագա ընթացքին»։

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր հուլիսի 5-ին՝ ընդդիմության հուլիսի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս՝ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Օրեր առաջ երիտասարդ ակտիցվիստի մեղադրանքը խստացվել է և այժմ նա, բացի խուլիգանությունից մեղադրվում է նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեջ, ինչը որպես պատիժ նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում։