Իրավապաշտպանի խափանման միջոցը չփոխվեց

ՀՀ վերաքննիչ դատարանը հունիսի 19-ին անփոփոխ է թողել իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գայանե Խաչատրյանի բողոքը։ Ըստ փաստաբանի, բողոքը մերժելիս դատարանը որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, այլ՝ առաջնորդվել է դատախազության հերթապահ «ազատության մեջ գտնվելով նա կարող է խոչնդոտել նախաքննության ընթացքին» ձևակերպմամբ։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Կենտրոն համայնքի ոստիկանության աշխատակիցները ծանուցագիր հանձնելու պատրվակով այցելել էին իրավապաշտպանի բնակարան, ապա բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք, որտեղ ոստիկանապետի և փոխոստիկանապետի գործուն մասնակցությամբ խոշտանգել էին նրան։ Ոստիկանապետի թիրախը Արշալույս Հակոբյանի իրավապաշտպան գործունեությունն է եղել։ Ոստիկանապետը թքել է նրա վրա՝ հայհոյելով կազմակերպության ղեկավարին ու նրանց ծավալած գործունեությունը։ 
Հունիսի 6-ին Արշալույս Հակոբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 316 հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Նույն օրը Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց Հակոբյանի նկատմամբ կիրառել կալանքը։ Հունիսի 11-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող իրավապաշտպանին է այցելել ՀՀ ԱԴ հասարակական դիտորդական խումբը և արձանագրել բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ մարմնի տարբեր մասերում։ Բժշկական զննության արդյունքում Հակոբյանի ստացված վնասվածքները գրանցվել են նրան քրեակատարողական հիմնարկ ընդունելու պահին: 
։Հիշեցնենք նաև, որ Հելսինկյան Ասոցիացիան ներկայացնող Արշալույս Հակոբյանը Երևանի քաղաքապետի ընտրությունների օրը դիտորդական առաքելությամբ գտնվել է Երևանի ընտրատեղամասերից մեկում, որտեղից նրան սպառնալիքներով դուրս են հրավիրել, ինչի կապակցությամբ էլ նա հանցագործության մասին հայտարարությամբ դիմել էր Հատուկ քննչական ծառայությանը։
Արշալույս Հակոբյանը խոշտանգումների ենթարկվելու կապակցությամբ դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազությանն ու Մարդու իրավունքների պաշտպանին։  
Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գայանե Խաչատրյանը բողոքարկելու է կալանքն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը։ Փաստաբանի խոսքով օրերս ուժի մեջ մտած համաներումը չի տարածվում Արշալույս Հակոբյանի վրա։
Ժաննա Ալեքսանյան 
www.hra.am