Սկսվել է Վահագն Չախալյանի եւ Գուրգեն Շիրինյանի դատավարությունը

2008թ. նոյեմբերի 6-ին Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ախալցխա շրջկենտրոնում մեկնարկեցին երկու անջատ դատավարություններ Ջավախքի հայտնի քաղաքական ակտիվիստների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Դատավարություններից մեկը տարվում է Վահագն Չախալյանի, նրա հոր` Ռուբեն Չախալյանի եւ անչափահաս եղբոր` Արմեն Չախալյանի նկատմամբ, մյուսը` Գուրգեն Շիրինյանի, նրա հոր` Հարություն Շիրինյանի եւ հորաքրոջ` Կարինե Շիրինյանի նկատմամբ:

«Երկիր» միության դիտորդները, որոնք ներկա էին դատական նիստին, արձանագրել են հետեւյալը.

1. Գուրգեն Շիրինյանին, որը մեղադրվում է սպանության, մահափորձ կազմակերպելու, զենք-զինամթերք պահելու մեջ, դատում են հեռակա կարգով /in absentia/: Թեեւ միջազգային իրավունքում չկա բացարձակ արգելք հեռակա կարգով դատավարություններ իրականացնելու հարցում, սակայն նման կարգով դատը լրջորեն սահմանափակում է ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրով սահմանվող գործի արդարացի ու հրապարակային քննության իրավունքից մեղադրյալի օգտվելու հնարավորությունները, ներառյալ իր պաշտպանությունը նախապատրաստելու եւ իր ընտրած պաշտպանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալը, իր ներկայությամբ եւ իրեն պաշտպանել անձամբ կամ իր ընտրած պաշտպանի միջոցով դատվելը, իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննել կամ հարցաքննել տալը (հոդված 14):

2. Գուրգեն Շիրինյանի շահերը սկզբնապես պաշտպանում էր պետության կողմից նշանակված փաստաբանը, որն առաջին օրվա բոլոր նիստերի ընթացքում լռություն էր պահպանում եւ իրեն որեւէ նեղություն չէր տալիս գետ մեկ հարց ուղղել հարցաքննվող վկաներին: Դատավարության երկրորդ օրը (նոյեմբերի 7-ին) Գուրգեն Շիրինյանի բարեկամները ստիպված էին հրաժարվել պետական փաստաբանի ծառայություններից եւ խնդրել փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլիին, որը պաշտպանում է Հարություն եւ Կարինե Շիրինյանների շահերը, ստանձնել նաեւ Գուրգեն Շիրինյանի պաշտպանությունը:

3. Հարություն եւ Կարինե Շիրինյանները մեղադրվում են զենք-զինամթերիքի անօրինական ճանապարհով ձեռք բերելու եւ պահպանելու (Վրաստանի քր. օրենսգիրք, հոդված 236, մաս 1), սուտ վկայություն տալու (հոդված 370), (Գուրգեն Շիրինյանի կողմից պատրաստվող) հանցագործության մասին իմանալ եւ չհայտնելու (հոդված 376). Վերջին երկու մեղադրանքները, անգամ Գուրգեն Շիրինյանի մեղավոր ճանաչվելու պարագայում, ուղղակիորեն հակասում են մարդու իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին, որը Վրաստանի սահմանադրության մեջ ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Ոչ ոք չի կարող պարտավորեցվել ցուցմունք տալ իր դեմ կամ այն բարեկամների դեմ, որոնց շրջանակը որոշվում է օրենքով» (հոդված 42, կետ 8).

4. Վահագն Չախալյանը, նրա հայրն ու անչափահաս եղբայրը մեղադրվում են զենք-զինամթերիքի անօրինական ճանապարհով ձեռք բերման եւ պահպանման մեջ (Վրաստանի քր. օրենսգիրք, հոդված 236, մաս 1): Այդ զենք-զինամթերքը «հայտնաբերվել» էր Չախալյանների տան մեջ վրացի հատուկջոկատայինների կողմից իրականացրած խուզարկության ընթացքում: Ինչպես միանշանակորեն պնդում է Չախալյանների ընտանիքը, այդ զենք-զինամթերքը ներս էր բերվել հենց իրենց` հատուկջոկատայինների կողմից խուզարկության առաջին իսկ րոպեների ընթացքում: Բացի դրանից Վահագն Չախալյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու (հոդված 225, մաս 1), հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներ կազմակերպելու (հոդված 226), հանրային կարգը խանգարելու նպատակով ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային խմբակային դիմադրություն ցույց տալու (հոդված 353, մաս 2) եւ խմբակային համաձայնությամբ պետական պաշտոնյայի դեմ … կատարված խուլիգանության մեջ (հոդված 239, մաս 2, կետեր ա/ եւ բ/): Վահագն Չախալյանի դեմ վերջին մեղադրանքները հարուցված են նրա քաղաքական գործութնեության հիման վրա եւ 2006թ. մարտին, հունիսին եւ, հատկապես, հոկտեմբերին (Վրաստանում ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո) քաղաքացիական բողոքի ցույցեր կազմակերպելու փաստերով:

5. Դատական նիստերին ներկա գտնվող լրագրողներին արգելվեց տեսագրել, ձայնագրել կամ լուսանկարել, անգամ կատարել գրառումներ:

6. Դատական նիստերը տարվում էին բացառապես վրացերենով: Դրա հետեւանքով այն վկաները, որոնք գիտեին ե’ւ հայերեն ե’ւ վրացերեն, պարտադրվում էին հաղորդակցվել միայն վրացերենով: Միակ թարգմանիչը հատկացվել էր դատարանի կողմից, նրա կատարած թարգմանության որակը չափազանց ցածր էր: Քանի որ մեղադրյալներից եւ ոչ մեկը չի խոսում վրացերենով, դա էապես նվազեցնում էր դատավարությանը մասնակցելու եւ վկների ցուցմունքների մեջ հակասություններ գտնելու իրենց հնարավորությունները: Այս փաստը մի պարզ եւ գործնական ապացույց է, թե ինչ կենսական կարեւորություն ունեն միջազգային հանձնարարականնները, որոնք պարտավորեցնում են վրացական իշխանություններին թույլատրել տեղական վարչական մարմիններում եւ դատավարության մեջ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը:

7. Շիրինյանների գործով դատավարությունը սկսվեց ժամը 12:00-ին եւ ընդմիջումներով շարունակվեց մինչեւ 19:00: Առաջին օրվա ընթացքում հարցաքննվեցին երեք վկաներ, որոնցից մեկը` սպանված ոստիկանի հայրը հայտարարեց, որ նա համոզված չէ, որ իր տղային սպանել է Գուրգեն Շիրինյանը եւ կասկածներ հայտնեց ոստիկանության կողմից կատարված նախաքննության արդյունքների վերաբերյալ: Դատաքննությունը շարունակվեց նոյեմբերի 7-ին եւ հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 19-ը` դատախազի միջնորդությամբ:

8. Չախալյանների գործով դատաքննությունը սկսվեց ժամը 15:00-ին: Սկզբում Չախալյանների փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն ներկայացրեց տեղափոխել գործի քննությունը Ախալքալաքի դատարան: Որպես միջնորդության
հիմք նշվեց, որ ա) գործով մեղադրյալները եւ բոլոր վկաները Ախալքալաքից են, բ) Չախալյաններին մեղասգրվող բոլոր հանցագործությունները տեղի են ունեցել Ախալքալաք քաղաքում: Նշվեց, որ Ախալքալաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող Ախալցխայում դատավարություն անցկացնելը արհեստականորեն դժվարացնում է գործի քննությունը: Սակայն դատավորը` տկն Ցիրա Մայսուրաձեն, մերժեց միջնորդությունը հայտարարելով, որ Ախալցխայում դատավարությունն անցկացնելու որոշումն ընդունված է Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կողմից եւ նա որեւէ հիմք եւ իրավունք չունի այն բեկանելու:

9. Դրանից հետո փաստաբանը փորձեց ներկայացնել անչափահաս Արմեն Չախալյանին գրավի դիմաց ազատելու միջնորդություն, սակայն դատարանի թարգմանիչը, որը դրանից առաջ էլ մեծ դժվարություններով եւ սխալներով էր թարգմանում, հայտարարեց, որ նրա գիտելիքները չեն բավարարում թարգմանությունը շարունակելու համար: Գործի լսումը չընդհատելու նպատակով փաստաբանը խնդրեց դատարանին թույլ տալ թարգմանելու իր օգնականներից մեկին, որը ներկա էր դատարանի դահլիճում, սակայն դատավորը մերժեց այս միջնորդությունը եւս, հայտարարելով, որ դատարանն ինքը կգտնի թարգմանիչ: Գործի լսումը հետաձգվեց առանց նշմամբ, թե ե±րբ տեղի է ունենալու դատական հաջորդ նիստը:

Վերոնշյալ փաստերը եւս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Վահագն Չախալյանի ու Գուրգեն Շիրինյանի եւ նրանց ազգականների դեմ հարուցված քրեական գործերը շինծու են եւ հանդիսանում են քաղաքական պատվերի արդյունք:

Արդ, Երկիր միությունը նորից դիմում է վրաց իշխանություններին, կոչ անելով նրանց`

1. Կասեցնել քաղաքական ենթատեքստ ունեցող բոլոր քրեական գործերը Վահագն Չախալյանի, Գուրգեն Շիրինյանի եւ նրանց ազգականների նկատմամբ

2. Դադրեցնել քաղաքական եւ տնտեսական հալածանքերերը Չախալյանների եւ Շիրինյանների ընտանիքների, ինչպես նաեւ այլ ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ.

3. Իրականացնել Վահագն Չախալյանի ձերբակալությանը նախորդող դեպքերի, այդ թվում ազգությամբ հայ երկու ոստիկանների սպանության արդար եւ անկողմնակալ հետաքննությունը:

Երկիր միությունը հրավիրում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի, համապատասխան միջազգային կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը Չախալյանների եւ Շիրինյանների դատավարությանը եւ կոչ է անում նրանց`

1. Դիտորդների միջոցով հետեւել դատավարությունների ընթացքին, հատկապես ուշադրություն դարձնել Գուրգեն Շիրինյանի դատավարությանը, որը դատվում է հեռակա կարգով.

2. Ճանաչել բոլոր մեղադրյալներին քաղբանտարկյալ եւ համապատասխան ճնշում գործադրել վրաց իշխանությունների վրա` արդար եւ անկողմնակալ դատավարության նրանց իրավունքը ապահովելու նպատակով