Նախարարի բարեկամ փաստաբանը

Ըստ Panorama.am-ի տեղեկությունների, Փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Ումրշատյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ իսկապես` այդ փաստաբանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 313 հոդվածի` կաշառքի միջնորդություն, 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն այդ մասին չգիտեր. նրա փորձերը հեռախոսով կապվել Արմեն Ումրշատյանի հետ և անմիջապես նրանից պարզել տեղեկության հավաստիությունը, ապարդյուն անցան. փաստաբանն անհասանելի էր: Նրա խոսքերով, ՓՊ-ն նման դեպքերի մասին տեղեկանում է այն դեպքում, երբ փաստաբանին առաջադրվում է մեղադրանք կամ նա հարցաքննվում է որպես կասկածյալ և երբ փաստաբանի նկատմամբ ընտրվում է խափանման միջոց կալանքը:

Panorama.am-ի հարցին Արմեն Ումրշատյանը մի տեսակ շփոթված պատասխանեց. «Իմ դեմ հարուցված մեղադրանք չկա, և ես մեղադրյալ չեմ»: Դիտարկմանը, թե ոստիկանությունը մեր հարցմանն ի պատասխան պաշտոնապես տեղեկացրել է, որ իր դեմ քրեական գործ է հարուցված ՔՕ 313 հոդվածի 1-ին մասով, փաստաբանը նկատեց. «Ինձ չեն կանչել ոստիկանություն և ոչ էլ դատախազություն, ոչ էլ ինչ-որ մեկն ինձ մեղադրանք է առաջադրել: Ես առաջին անգամ եմ ձեզանից լսում նման բան»:

Panorama.am-ի տեղեկություններով, Արմեն Ումրշատյանը արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի բարեկամն է, ինչի հետ էլ ոմանք կապում են գործի քննության ձգձգումը: «Ոչ, կտրականապես ոչ», - Panorama.am-ի դիտարկմանն ի պատասխան ասել է փաստաբանը: «Դուք Գևորգ Դանիելյանի բարեկամը չե՞ք», - պնդող հարցին, Ումրշատյանը պատասխանել է «Ես բարեկամ եմ, բայց շատ հեռու, ու մոտավորապես երեք ամիս է նրան չեմ էլ տեսել, չեմ էլ խոսացել: Հեռու բարեկամ ենք, բայց ի՞նչ կապ ունեն մեկը մյուսի հետ»։