ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտում
Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի նրա ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա, ուրբաթ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո։
Հանդիպմանը քննարկվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային մանրամասները, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «մադրիդյան առաջարկությունների» հիման վրա:
Մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերը համաձայնեցված են՝ Նալբանդյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր կամքն ազատ արտահայտելու միջոցով: Նրա խոսքերով. «եթե հնչում են կարծիքներ, որ առանցքային հարցերը լուծված են, ապա կարելի է եզրակացնել, որ հենց այդ հարցերի շուրջ փոխըմբռնում կա:
Ինչ վերաբերում է որոշ վերլուծաբանների այն տեսակետներին, թե բանակցությունների ներկա փուլում Հայաստանը ոչ նպաստավոր դիրքում է գտնվում, ապա Հայաստանի արտգործնախարարն ասել է. «դրանք լուրջ վերլուծություններ չեն, այլ հիվանդ երևակայության արդյունք»:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո բանակցություններն ավելի ակտիվ փուլ կմտնեն։
