Սարգիս Հացպանյանի շուրջ

Արդեն երկու օր է, ինչ տարօրինակ զարգացումներ են Ֆրանսիայի քաղաքացի, Լեւոն Տեր–Պետրոսյանի համակիր Սարգիս Հացպանյանի շուրջ։ Մարտի մեկից հետո նա մինչ օրս նա հանրությանը չէր երեւացել։ Վերջին օրերին նրա երեւալուն պես ՀՀ ոստիկանությունը մտադիր է նրան արտաքսել Հայաստանից։ Այս առթիվ հայտարարություն է տարածել Հայ Ազգային կոնգրեսը եւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը։

ՀԱԿ հայտարարությունը.

«Հայաստանում, Սփյուռքում եւ Լեռնային Ղարաբաղում քաջ հայտնի Սարգիս Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ. Ղարաբաղյան Շարժման առաջին իսկ օրերից իրեն մինչեւ վերջ նվիրեց Ղարաբաղյան շարժմանը: Նա Ղարաբաղյան պատերազմի հերոս է, առաջին իսկ օրից մինչեւ վերջ ազատագրական պայքարի մասնակից եւ Ղարաբաղին ամենաբազմազան օգնությունների կազմակերպիչ: Այդ մասին շատ լավ գիտեն եւ Ռ. Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը: Այդ ամենը, սակայն, նրանց համար ի չիք դարձավ, երբ պարզվեց, որ Սարգիս Հացպանյանը վերջին նախագահական ընտրությունների առիթով ծավալված համաժողովրդական շարժման կողմնակիցն է: Մարտի 1-ի սպանդից հետո, Ազատության հրապարակում իր մի քանի ելույթների համար, հետապնդումների ենթարկվեց նաեւ Սարգիս Հացպանյանը: Վերջին օրերին, երբ նա վերադարձել է իր բնակարան, ոստիկանությունը շրջափակել է այն` հանձնարարություն ունենալով նրան բռնի արտաքսել Հայաստանից:

Իր կատարած բազմաթիվ հանցանքների պատճառով սեփական ժողովրդից սարսափած վարչախումբը որպես գոյատեւման հիմնական միջոց շարունակում է ապավինել ապօրինությունների, մասնավորապես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Հենց այդ սերսափն է նրան ստիպում անազատության մեջ պահել բազմաթիվ քաղբանտարկյալների, իսկ Համաժողովրդական շարժման տասնյակ առաջամարտիկների, քաղաքական գործիչների նկատմամբ չդադարեցնել հալածանքները: Սարգիս Հացպանյանին Հայաստանից արտաքսելու վարչախմբի որոշումը ոչ միայն անհիմն է ու անբարոյական, այլեւ կոպտորեն խախտում է ՀՀ մի շարք օրենքներ: Մենք դատապարտում ենք այն եւ պահանջում անհապաղ դադարեցնել Արցախի հերոսներից մեկի նկատմամբ հալածանքն ու բռնություններ»։

Գեղամ Բաղդասարյանի հայտարարությունը

ՍԱ ՄԻԱՅՆ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ Կամ մեր ուժը մեր բազմազանության, թե «հավսար, զգաստ»-ի մեջ է

Սարգիս Հացպանյանի պատմությունը ցավալի է մի քանի առումներով:

Նախ հերթական անգամ համոզվում ես, թե որքան փխրուն են մարդու իրավունքները, և թե որքան անպաշտպան է մարդը:

Երկրորդ, ողբերգազավեշտ է այն, որ որոնվում էր... հայրենասեր: Քաղաքակիրթ երկրներում wanted պիտակը միանգամայն այլ խավելի ներկայացուցիչներին են կպցնում: Ողբերգություն է, երբ Հայրենասերը հետապնդվում է Հայրենիքում:

Ողբերգության երրորդ առանցքը Սփյուռքի հանդեպ մեր վերաբերմունքն է: Մենք մեկ անգամ ևս սփյուռքահայերին հոդաբաշխ ձևով հասկացրինք, որ նրանց գործը մեզ փող տալն է միայն, այն էլ պայմանով, որ քիթները չխոթեն մեր գործերի մեջ: Այս ենթատեքստում ուղղակի զավեշտական է հնչում այն պնդումը, որ հայրենիքը կարող է շենացվել համայն հայության միջոցով: Ըստ երևույթին, հարկ էր ճշտել, ոչ թե միջոցով, այլ միջոցներով:

Եւ, վերջապես, ցավալի է այն, որ չհասցրինք վայելել ՀՀ նախագահի այն ճշմարիտ միտքը, որ հայության ուժը նրա բազմազանության մեջ է, երբ մեկ անգամ ևս պարզվեց, որ հայության ուժը «հավսար, զգաստ»-ի մեջ է: Ուրիշ ինչ եզրակացնես, երբ մարդ հետապնդվում է այլակարծության համար:

Պատիվ ունեմ ճանաչելու Սարգիս Հացպանյան մարդուն, հայրենասերին, մտավորականին, կարող եմ վկայել հայրենանվիրման նրա բազմաթիվ դրսևորումների մասին ու ցավում եմ, շատ եմ ցավում, որ այսօր հենց նրա նմանն է որոնվում: Այս ցավը միայն նրանը չէ, բարիկադված դռան ետևում ծվարած ու վախվորած նրա զավակներինը չէ, այլ բոլորինս ու մեր զավակներինը:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր