ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արամ Կարապետյանի հայտարարությունը
Նոր ժամանակներ կուսակցության նախագահ, Սուտ մատնության մեղադրանքով կալանավորված Արամ Կարապետյանը մայիսի 5-ին տարածել է հայտարարություն, որը վերաբերում է նույն օրը դատարանի կայացրած վճռին, ըստ որի մերժվել է Արամ Կարապետյանի բողոքը, իր կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգելու մասին Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանների օրերս կայացրած որոշման դեմ:
«Այսօր` մայիսի 5-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, իմ բացակայության պարագայում, Մ. Ռեհանյանի նախագահությամբ մերժեց իմ բողոքը` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարելու մասին որոշման դեմ:
Վարչախումբը այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ և մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ ես մնամ բանտում:
Որ Հայաստանում արդարադատություն չկա, մենք բոլորս գիտենք, սակայն եթե դա իրականացվում է այսպես կոչված ՙուժեղ իշխանության՚ թելադրանքով, որը վախենում է նույնիսկ քաղբանտարկյալի շիտակ խոսքից, ապա կարելի է արձանագրել, որ այս հանգրվանում մենք նրանց հաղթել ենք:
Վարչախմբին ուզում եմ հիշեցնել հայկական հայտնի ասացվածքը. «Պարոնա’յք, երկու վախը մի մահ է», իսկ մեզ բոլորիս մաղթում եմ անսահման տոկունություն, մաքառելու և պայքարելու անսպառ կամք», ասված է Արամ Կարապետյանի հայտարարության մեջ:
