ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Էլի են բերման ենթարկում
Մինչ միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց, հանգստյան օրերին, Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն բերման են ենթարկվել չորս անձինք, այդ թվում` Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Սամվել Թադեւոսյանը:
Թադեւոսյանի եւ մյուսների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, սակայն, ինչպես հայտարարել է ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը. <այսօրվա վարչախումբը կարծես թե չի պատրաստվում կատարել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջը, որոշումը, եւ այն հավաստիացումները, որ պատրաստ են ի կատար ածել, դա միայն իմիտացիա է, ինչպես ասում են` փափուկ բարձ են փորձում դնել ե’ւ հասարակության, ե’ւ Եվրախորհրդի գլխի տակ` օգտվելով այն հանգամանքից, որ Եվրախորհրդի որոշման մեջ շեշտված է, որ քաղաքական հայացքների համար ձերբակալվածներն անհապաղ ազատ արձակվեն: Փաստորեն, ստացվում է, որ քաղաքական հայացքների համար ձերբակալվածների գործերը անհիմն են, եւ այս ձեւով փորձում են հիմնավորել ինչ-որ փաստեր: Մարդկանց ձերբակալել են, հետո փորձում են փաստեր հայթայթել, որպեսզի քրեական գործ հարուցեն եւ ասեն, որ քաղաքական բանտարկյալներ չեն, այլ քրեական հանցագործներ>:
Ազգային ժողովի <Ժառանգություն> խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը հանդիպել է համայնքի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննիսյանին. <Ինքը չհերքեց: Հարցրեցի` ինչ հիմքով, ասաց` ՙմարտի 1-ի չարտոնված միտինգներին մասնակցելու համար, կադրերում երեւացել են, բերում ենք, մի անհանգստացեք, երկու ժամ հետո բաց կթողնենք: Բայց այդ երկու ժամը բավական երկար տեւեց: Երկրորդ անգամ երբ պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպեցի, ասաց` դե հո մենակ ինքը չի՚: Այսինքն, ասացի, ուրեմն շատ են, ասաց` այո: Այդ շատը քանիսն են` ստույգ չգիտեմ, չորսը հաստատ գիտեմ: Նրանց բաց են թողել ուշ ժամի>. պատմել է Անահիտ Բախշյանը, ում կարծիքով, այս ամենը անմիջական կապ ունի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործի հետ. <Մալաթիայի տարածքից են հիմնականում բերում մարդկանց, որոնք ակտիվ են, որոնք քաղաքացիական ընդգծված կերպար ունեն: Եվ ես ենթադրում եմ, որ սա մտահղացման արդյունք է, որ կանչեն, ինչ-որ գործ թխեն պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ կապված: Եվ սա, ըստ երեւույթին, միայն այստեղ չի արվում, այլ բոլոր այն տեղերում, որտեղ այս պատգամավորներն ունեն համախոհներ: Ինձ թվում է, փրփուրներից են կառչում, որովհետեւ պիտի ցույց տան ինչ-որ բանէ հայտարարել են, ասել են, որ ընդդիմությունը զենք բերեց, քիչ է մնում ասեն` զորք բերեց: Հիմնավորելու համար այսպիսի պարզունակ, չափից ավելի պարզունակ քայլերի են դիմում>, - ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը:
