ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հալածյալներ» կենտրոնում
Տերյան փողոցի` պետության կարիքների համար իրացվող գոտի դարձած հատվածի բնակիչները ամեն օր ենթարկվում են նոր «հալածանքների»:
36-ից մնացել են 11 ընտանիքներ, որոնց բնակարաններն ամեն օր տարբեր ոտնձգությունների են ենթարկվում: «Մի բնակչի տուն մտել են, հատակն են քանդել առանց ասելու, այն դեպքում , երբ որ պայմանագիր չի կնքել, եւ հարցերը օդի մեջ են: Մյուս հարեւանի տանիքն են քանդել առանց զգուշացնելու: Մի մասին ջուրն են կտրել, այն էլ ձմռան կեսին: Դեկտեմբերի 7-ին հեռախոսի կաբելը վնասեցին, իբր շինարարներն են վնասել, զանգում ենք, ասում են,թե մեկ է քանդելու ենք, էլ ինչի գանք, վերականգնենք»,-»Ա1+»-ին պատմում է Տերյան 11 շենքի բնակիչ Հրաչ Ջուլհակյանը:
Երեւանի քաղաքապետարանի կողմից այս տարածքը իրացման համար տրվել է «Դվին հոլդինգին»:
«Դեմ չենք պետական այդ որոշմանը, ողջունում ենք, որովհետեւ կենտրոնը պետք է նորմալ վիճակի բերվի»,- ասում է Հրաչ Ջուլհակյանը` նշելով, սակայն, որ պետությունը անվայել է վարվում իրենց հետ. «Ամեն ինչ թողել է «Դվին»-ի հսկողության տա, իսկ կազմակերպությունն էլ ծածուկ պատերազմ է վարում բնակիչների հետ,-աս:
Ըստ բնակիչների` նա մի մասին բարձր վարձատրել է, իսկ մյուսների հետ փոխհամաձայնության գալ չի կարողանում. «Բերեց «Արթին» կոչվող կազմակերպությանը, որը բնակիչներին հաշվի չառնելով` գնահատեց մեր տարածքը: «Դվին հոլդինգի» կողմից մեզ պայմանագիր է առաջարկվում, որով ոտնահարվում են մեր իրավունքները»,-ասաց Հրաչ Ջուլհակյանը «Դվին հոլդինգը», որը որոշ աղբյուրների`պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին, իրացման գոտու մնացած բնակիչներին երեք տարբերակ է առաջարկում:
Ըստ բնակիչների` իրենց շուկայական գներից պակաս գին են առաջարկում` 1 քառ մետրի դիմաց` 238-240 000 դրամ, երբ շուկայականը 500 000 դրամից անցնում է: «Նույն շենքում ո՞նց կարող է մեկինը 30 000 ավել լինել, մյուսին` պակաս: Այսինքն` եթե մենք քաղաքի կենտորոնում ունենք 2 հատ բնակարան, դա հանձնելով` ծայրամասերում հազիվ կգնենք մի բնակարան»,-դժգոհում է բնակչուհի Թերեզա Գալստյանը:
Մյուս առաջարկը այն է, որ երկու տարի հետո իրացման գոտու բնակիչներին կառաջարկեն բնակարան Մամիկոնյան փողոցի վրա: Երրորդ տարբերակը` բնակարաններով ապահովել նույն շենքում, սակայն 4 տարի հետո:
«Եթե անգամ տեղում են տալիս, պահանջում ենք նախագիծ, որը չկա, պատրաստ էլ չի: Վարչապետը իր հայտարարությունների մեջ մի քանի անգամ ասաց, թե շենքեր են կառուցվել, մարդկանց բավարարեք, թող գնան ապրեն, հետո ինչ ուզում եք արեք: Դա չորրորդ տարբերակն է, որ նրանք մերժում են»,- ասում է Թերեզա Գալստյանը: Իսկ Հրաչ Ջուլհակյանը հավելում. « Շատ հնարավոր է, որ հոլդինգը շինարարության կեսից վաճառի ուրիշ մի կազմակերպության եւ այնտեղ հարցեր ծագեն: Տեսնում ենք, թե Հյուսիսային պողոտայի բնակիչները ինչքան են պրոբլեմների առաջ կանգնած: Չենք ուզում մեր հարեւանների վիճակին հայտնվել: Բոմժի նման ապրում են: Չենք ուզում այդ շարքերը լրացնել: Բացի այդ, «Դվինը» 6 ամիսը մեկ կփոխանցի՞ այդ փողը, թե չի փոխանցի: Մենք տնից դուրս ենք գալիս, ուզում ենք տուն գնալ, ապրել»:
Այսպիսով` բնակիչները պահանջում են կամ քառակուսի մետրը հաշվել շուկայական արժեքով, կամ իրենց այսօր ունեցած տարածքի չափով բնակարան հատկացնել փոքր կենտրոնում:
Ի դեպ, բնակիչները իրենց հարցով դիմել են բոլոր ատյաններին, մինչդեռ անորոշ պատասխաններ են եղել: «Ոչ մի բան դրանով չես կարող եզրակացնել` կօգնեն այսօրվա քաղաքացուն, թե չեն օգնի»,- ասաց Հրաչ Ջուլհակյանը:
