ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գագիկ Շամշյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը չորեքշաբթի օրը
«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին
դատապարտեց երկուեւկես տարվա պայմանական ազատազրկման` երկու տարի փորձաշրջանով:
Դատարանը լրագրողին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին մասով
(յուրացում եւ վատնում) եւ 178-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով
(խարդախություն):
Շամշյանին ներկայացվել էր մեղադրանք Քրեական օրնեսգրքի 182-րդ հոդվածի
հատկանիշներով, քաղաքացի Զոհրաբ Ղազարյանի 250 հազար դրամը շորթմամբ հափշտակելու
համար, սակայն դատարանի վճռով արարքը վերաորակավորեց 179-րդ հոդվածի առաջին մասով:
Դատարանը հիմնավորված համարեց նաեւ նույն Զոհրաբ Ղազարյանի 35 հազար դրամը
խարդախությամբ հափշտակելու մեղադրանքը:
Դատարանը վճռեց Զոհրաբ Ղազարյանի օգտին Գագիկ Շամշյանից բռնագանձել 200 հազար դրամ:
Դատավճռի հրապարակումից Շամշյանը պնդեց, որ ինքն անմեղ է, սակայն ասաց, որ, ամենայն
հավանականությամբ, չի բողոքարկի դատարանի վճիռը:
Նա հավելեց, որ շարունակելու է աշխատել «նույն ոգով», հանդես է գալու սուր
քննադատական հրապարակումներով. - «Միանշանակ շարունակելու եմ: Ես սիրում եմ այդ
մասնագիտությունը: Թերություններ [եթե] տեսնեմ թե’ դատախազության համակարգում, թե’
ոստիկանության, թե’ ազգային անվտանգության ծառայության, թե’ քաղաքային
իշխանությունների` լուսաբանելու եմ ավելի ակտիվ: Ոչ էլ վախենալու եմ»:
Ռուզաննա Ստեփանյան
