Դժգոհությունն Արմենտելից շարունակվում է

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Աբգար Եղոյանը տեղեկացրել է, որ Արմենտել ընկերությունը հայտարարելով սպառողների պարտքը ներելու մասին, իրականում ոտնահարել է պարտաճանաչ սպառողների իրավունքը: Խոսքը հեռախոսակապով ինտերնետ օգտագործող քաղաքացիների մասին է, որոնց հեռախոսահամարի վրա կուտակվել է մի քանի հարյուր հազար դրամի պարտք, ինչի պատճառը համարվում է այն, որ ինտերնետից օգտվելով, նրանց հեռախոսը կատարել է միջազգային զանգեր տարբեր երկրներ: Արմենտելը հայտարարեց, որ մասամբ ներում է 2006 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2007 թվականի մայիսի 23-ը ինտերնետից օգտված եւ հեռախոսային պարտք կուտակած քաղաքացիների պարտքը: Եթե Արմենտելը նախորդ անգամ զիջել էր 2005-2006 թվականների մայիս ժամանակահատվածում պարտք կուտակած քաղաքացիների պարտքն ամբողջությամբ, ապա ներկայում ներում է մինչեւ 65 տոկոսը, ընդ որում, դա հայտարարելով իբրեւ միջազգային զանգի կանխավճար: Սակայն այդ զանգերը հաշվարկվելու են 360 դրամով, այն դեպքում, երբ նույն Արմենտելը միջազգային զանգերի քարտեր է վաճառում, որոնց մեկ րոպեն մոտ 50 դրամ է, նշում է Աբգար Եղոյանը: