Ժառանգություն կուսակցությունը հրաժարվում է մասնակցել ԱԺ նիստին

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավոտյան ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին է հղել հետեւյալ նամակը.

«Հարգարժան պարոն Թորոսյան,

Սահմանադրության պահանջի համաձայն` տակավին տեղի չի ունեցել չորրորդ գումարման ԱԺ առաջին նիստը. մինչեւ այս պահը «Ժառանգությունը» պատշաճ ծանուցում չի ստացել այդ նիստի հրավիրման եւ այլ մանրամասների մասին, ինչպես վայել է իրավական պետությանը:

Ավելին` Սահմանադրական դատարանն այժմ քննում է ԱԺ ընտրությունների վավերականության հարցը, որը պետք է իր վերջնական պատասխանը ստանա մինչեւ ս.թ. հունիսի 10-ը:

Ելնելով այս փաստարկումներից` «Ժառանգությունը» Ձեզ տեղյակ է պահում մինչեւ վերոթվարկյալ խնդիրների լուծումը ԱԺ նիստերին իր ներկայության անհնարինության մասին:

Հարգանոք` Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»