Ամանորը Կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգին դեկտեմբերի 25-ին,26-ին և 27-ին` ժամը 12-ից 16-ը, կազմակերպում է ամանորյա գունեղ միջոցառումներ` թատերական ներկայացումներ, ուրախ խաղեր, մրցույթներ, խալիքների և ամանորյա զարդարանքների տոնավաճառ և առաջին անգամ Հայաստանում սառցե քանդակների բացօթյա ցուցադրություն:

Միջոցառման բոլոր օրերին այցելուները հնարավորություն կունենան անձամբ հետևել, թե ինչպես են պատրաստվում սառցե քանդակները, զրուցել քանդակագործների հետ:

Երևանի կենդանաբանական այգու Ձմեռ պապն այս տարի փոքրիկներին կդիմավորի քաղաքում իր նմանը չունեցող տոնածառի մոտ: Պլաստիկ շշերից պատրաստված ձեռակերտ ծառը շուրջ 5 մ բարձրություն կունենա:

Իսկ բնական տոնածառերի սիրահարներին այգին առաջարկում է եղևնիների մեծ տեսականի: Ծաղկամանով տնկին կարող է հրաշալի ամանորյա նվեր դառնալ Ձեզ և Ձեր հարազատների համար:

Միջոցառումների շարքը կլինի բարեգործական` ամանորյա միջոցառումները դարձնելով հասանելի բոլորին, այդ թվում նաև մանկատների, հատուկ դպրոցների, անապահով ընտանիքների երեխաների համար: Տոնական օրերին մինչև 16 տարեկանների համար այգու մուտքն ազատ է: