Ակցիա` ի պաշտպանություն քաջարանցիների

Այսօր` դեկտեմբերի 16-ին ժամը 3-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի կունենա ակցիա` ի պաշտպանություն Քաջարան գյուղի բնակիչների, ովքեր պայքարում են իրենց սեփական հողերն ու հարազատների գերեզմանոցները պաշտպանելու համար:

«Հրավիրում ենք բոլոր այն մարդկանց, ում համար դեռևս հարազատ է հայրենիք հասկացությունը, ովքեր դեմ են ներկայիս բնաքանդ քաղաքականությանը մեր երկրում և ովքեր չեն ցանկանում մեր գյուղերի փոխարեն տեսնել միայն պոչամբարներ ու լցակույտեր:

Մենք քաջարանցիների կողքին ենք: Միանալով մեր հայրենակիցներին, ՀՀ կառավարությունից պահանջում ենք անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2011թ.ապրիլի 28-ի «Սյունիքի մարզի մի քանի համայնքների /այդ թվում՝ Քաջարան/ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ» 627-Ն որոշումը, որով փոխվել է այդ հողերի նպատակային նշանակությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին:

ՀՀ իշխանությունները պարտավոր են մեզ հետ հաշվի նստել և լսել մեր կարծիքը: Փորձը ցույց տվեց, որ մենք ուժեղ ենք միասին», նշված է «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությունում: