ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության ազատության շաբաթ
"Տեղեկատվության ազատության շաբաթի" հիմնական նպատակն է հանրությանը լայնորեն ներկայացնել տեղեկատվության ազատության իրավունքը, դրա իրացման մեխանիզմները և "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան: Աշխարհի քսան տասնյակից ավել երկրներում' Կանադա, ԱՄՆ, Իսպանիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Խորվաթիա, Ուգանդա և այլն, ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթը նվիրում են տեղեկատվության ազատությանը: Այս տարի ԻԱԿ-ը ևս միանում է միջազգային այս նախաձեռնությանը և ՏԱ շաբաթը նշում է մի շարք նախագծերի ներկայացմամբ և ամփոփում ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում կհայտարարվեն 2011թվականի ամենաբաց և ամենափակ պետական մարմինների անունները, և ոչ միայն...
Այսպես. ՏԱ շաբաթը մեկնարկում է.
- 21 սեպտեմբերի, 2011- ՀՀ անկախության 20-ամյակին և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանրային քարոզարշավ. այս օրը ԻԱԿ-ի աշխատակիցները և ԵՊՀ ուսանողները հատուկ համազգեստներով կշրջեն փողոցներով և մարդկանց կբաժանեն ՏԱ իրավունքին առընչվող տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ:
- 22 սեպտեմբերի, 2011- Տեղեկատվության ազատության ոլորտի վիճակագրական ամբողջական պատկերը ներկայացնող նոր վեբ-նախագծի' www.givemeinfo.am, մեկնարկ-շնորհանդեսը: "Տեղեկատվության ազատությունը Հայաստանում" դիտարկման արդյունքների ներկայացում:
- 23 սեպտեմբերի, 2011- Տեղեկատվության ազատությունը Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում:
- 26 սեպտեմբերի, 2011- ՀՀ տասը մարզպետարանների նոր վեբ կայքերի մեկնարկ-շնորհանդես: ԻԱԿ-ի կողմից իրականացվող "Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց" ծրագրի շրջանակներում այս տարվա մայիսին լիովին նորացվեց և սկսեց գործել ՀՀ տարածքային կառավարման նախարարության վեբ կայքը, իսկ սեպտեմբերի 26-ից ՀՀ 10 մարզպետարանների կայքերը ևս կգործարկվեն, որոնք մշակվել են նույն ծրագրի շրջանակներում:
- 28 սեպտեմբերի, 2011- Տեղեկատվության ազատության շաբաթը կեզրափակվի "Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք" ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությամբ: Այս տարի ավանդական դարձած անվանակարգերից բացի, ԻԱԿ-ի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ 10 հատուկ մրցանակներ կշնորհվեն նաև այս տասը տարիներում ՀՀ-ում տեղեկատվության ազատության ոլորտի հաստատմանը և զարգացմանն ուղղված լավագույն նախաձեռնությունների հեղինակ մարմիններին, կազմակերպություններին: