Մուլտիմեդիա լրագրության դասընթաց պրոֆեսիոնալների համար

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» կազմակերպությունը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ մուլտիմեդիա լրագրության երեքշաբաթյա դասընթացի (ամառային դպրոցի) մասնակցելու համար։

Դասընթացն անցկացվելու է Ինտերնյուսի նոր մեդիա կենտրոնում, մուլտիմեդիա խմբագրության աշխատանքի միջավայրում։ Այն վարելու են արտասահմանից հրավիրված խորհրդատուներն ու տեղի մասնագետները։ Մասնակիցները ծանոթանալու են տեղեկատվական նոր միջավայրում աշխատելու առանձնահատկություններին, մուլտիմեդիա լրագրության սկզբունքներին, տիրապետելու են տարբեր մեդիա հարթակներում աշխատելու գործիքներին։

Դասընթացին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և օնլայն թերթերի, լրատվական գործակալությունների լրագրողներ, ովքեր արդեն աշխատում կամ դեռ նոր են պատրաստվում աշխատել մուլտիմեդիա խմբագրության կազմում։

Դասերն անցկացվելու են 2011թ-ի հուլիսի 11-29-ը, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-18:00-ը: Մասնակիցներն ապահովվելու են անհրաժեշտ պայմաններով և սարքավորումներով։ Մարզերի լրագրողների համար Ինտերնյուսը հոգալու է միայն բնակության վայրի հարցը։ Մրցույթին ներկայացված հայտերի հիման վրա ընտրվելու է 10 մասնակից։ Հայտերն ընդունվում են մինչև 2011թ-ի հուլիսի 4-ը:

Հայտը կարելի է լրացնել առցանց media.am կայքում: Ցանկալի է, որ հայտին կից ուղարկեք նաև կազմակերպության կամ անհատի կողմից Ձեզ տրված երաշխավորագիր-նամակ՝ այս դասընթացին մասնակցելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ինտերնյուս։ Հասցեն՝ Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։ Հեռ. 010 58 36 20