«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպում է Երևան քաղաքի կառավարման համակարգին նվիրված քննարկմանը՝ ս.թ. նոյեմբերի 14-ին Կոնգրես հյուրանոցում:

ՀՀ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Երևան քաղաքը դիտարկվում է որպես համայնք, որում պետք է իրականացվի տեղական ինքնակառավարում: Մայրաքաղաքի կառավարման համակարգի համար մինչ օրս առաջարկվել է մի քանի հայեցակարգ, որոնց շուրջ եղել են բազմաթիվ հակասական կարծիքներ ու հրապարակումներ: Մեր տեղեկությունների համաձայն, արդեն սկսվել են «Երևան քաղաքի մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները:

Հաշվի առնելով Երևանի կառավարման խնդրի կարևորությունը և որոշումների ընդունման գործընթացների թափանցիկության նկատմամբ օրեցօր աճող հասարակական պահանջը՝ հրատապ ենք համարում բաց քննարկումների կազմակերպումը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Քննարկումը հիմնականում կծավալվի «Երևան քաղաքի մասին» օրինագծի հայեցակարգի շուրջ, որը կներկայացնի ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար պրն. Վաչե Տերտերյանը: Խնդրում ենք Ձեզ մասնակցել առաջարկվող քննարկմանը: Քննարկմանը կմասնակցեն նաև ՀՀ պաշտոնյաներ, միջազգային և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: