ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Թուրքիան և ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության շնորհանդես
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՆ և ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբներին
Պատմա-համեմատական վերլուծություն Մենագրության շնորհանդես
մայիսի 25-ին, ժամը 13։00-ին
«Երևան» հյուրանոց
Մենագրությունը նվիրված է ղարաբաղյան հակամարտության շուրջ Թուրքիայի դիրքորոշման
վերլուծությանը, դիտարկելով այն հայ-թուրքական հարաբերությունների և
տարածաշրջանային անվտանգության համատեքստում։ Առանձին գլուխներում ներկայացված է
Թուրքիայի՝ ղարաբաղյան հարցում ունեցած դիրքորոշման պատմական աղերսները, թյուրքական
գագաթաժողովներում ղարաբաղյան հիմնահարցի շահարկման, Հայաստանի Հանրապետության և
ԼՂՀ դեմ Թուրքիայի կողմից իսլամական և թյուրքական համերաշխության գործոնների
կիրառմանն ուղղված փաստերը։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան
հիմնահարցի շուրջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պանթուրքական քաղաքականություն
մշակելու և դրա ձախողման պատճառներին։
Ընդարձակ աղբյուրագիտական հենքի վրա բացահայտվել են Թուրքիայի՝ ղարաբաղյան
պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերված ռազմական, ռազմա-քաղաքական օգնության,
ինչպես նաև հօգուտ Ադրբեջանի լոբբիստական աշխատանք տանելու փաստերը։ Առաջին անգամ
հասանելի աղբյուրների հիման վրա ներկայացվել է Թուրքիայի և Ադրբեջանի տարածքները
միջազգային ահաբեկչական ցանցի կողմից օգտագործվելու, Աֆղանստանից և Չեչնիայից
ղարաբաղյան հակամարտության ոլորտ բազմահազար վարձկանների ներգրավվման և դրանցում
պաշտոնական շրջանակների դերակատարության, ինչպես նաև միջազգային թմրաբիզնեսում
ներգրավվելու փաստերը։
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն աղբյուրների հիման վրա
բացահայտվել է Թուրքիայի բացասական ազդեցությունը հակամարտության խաղաղ կարգավորման
գործընթացի վրա, ինչպես նաև Հայաստանի Հարապետության և ԼՂՀ դեմ Ադրբեջանի և
Թուրքիայի ցուցաբերած ագրեսիվ դիրքորոշումը, ի հակադրումն միջազգային մի շարք
պայմանագրերի ու պարտավորությունների։
Մենագրության հիմնական եզրակացություններն են.
1. 1918թ. թուրքական բանակի կողմից «Ադրբեջան» անունով պետության հռչակումով
Թուրքիան, փաստորեն, հիմք է դրել ղարաբաղյան հիմնահարցի առաջացմանը։
2. Իր որդեգրած քաղաքականությամբ, Թուրքիան հանդիսանում է ղարաբաղյան
հակամարտության կողմերից մեկը, այլ ոչ թե դրա կարգավորման մասնակիցը։
Մենագրությունը տպագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության հովանավորությամբ։
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ ծնվել է 1975թ. Գյումրի քաղաքում։ Պատմական գիտությունների թեկնածու
է։ Հեղինակել է չորս մենագրություններ և շուրջ 40 գիտական հոդվածներ։ Զբաղվում է
Թուրքիայի արտաքին քաղաքականության, ղարաբաղյան հիմնահարցի, ինչպես նաև հայ
ինքնության և ռազմարվեստի պատմության ուսումնասիրությամբ։ 2006թ. պաշտպանելու է
դոկտորական թեզ՝ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում և
Կենտրոնական Ասիայում ԽՍՀՄ կազմալուծումից հետո» թեմայով։
