Հայտարարվել է մրցույթ «Մետաքսի մեծ ճանապարհը եվ Հայաստանը» թեմայով

«Զարդ» մշակութային հասարակական կազմակերպությունը նախաձեռնել եւ իրականացնում է
սովորող երիտասարդության համար մրցույթ հետեւյալ թեմայով`

«Մետաքսի մեծ
ճանապարհը եվ Հայաստանը»

Մրցույթի նպատակն է ճանաչել անցյալը` ապագան կանխատեսելու համար:

Մրցույթը բաղկացած է երեք փուլից:

Առաջին փուլի մասնակիցներին առաջարկվում է գրավոր պատասխանել հետեւյալ 10 հարցերին:

  1. Ո՞վ է առաջին անգամ գործածել «Մետաքսի ճանապարհ» արտահայտությունը:
  2. Ո՞րն էր մետաքսի ապրանքային համարժեքը 4-5-րդ դարերում:
  3. Ի՞նչ է Ձեզ հայտնի Անտոն Սուլթանեցու մասին, որը Մարկո Պոլոյի եւ Օդորիկո
    Պարդենոնցու հետ գրեթե միաժամանակ այցելել է Չինաստան:
  4. Ո՞ր եվրոպացին` 13-րդ դարում ուղեւորվելով Չինաստան հետեւյալ կերպ է նկարագրել
    Արարատ լեռը. «…հսկայական մի ժայռ, որը պահպանում է տապանը, միշտ պատած է ձյունով
    եւ անմատչելի է մահկանացուների համար»:
  5. Ի՞նչն է միավորում այնպիսի հասկացություններ, ինչպիսին են միջատների աշխարհը եւ
    աշխարհաքաղաքականությունը, չինական կայսրերը եւ Կալիգուլան, պարաշյուտները եւ բարձր
    նորաձեւությունը:
  6. Ի՞նչ ապրանքներով էր մասնակցում Հայաստանը «Մետաքսի ճանապարհով» իրականացվող
    առեւտրին:
  7. Հայաստանի ո՞ր քաղաքներով էր անցնում «Մետաքսի ճանապարհը»:
  8. Ո՞րքան էր «Մետաքսի ճանապարհի» երկարությունը:
  9. Ի՞նչ գիտելիքներ, արվեստի տեսակներ, արտադրական տեխնոլոգիաներ եւ
    գաղափարախոսություններ էին «Մետաքսի ճանապարհով» թափանցում Չինաստանից Արեւմուտք եւ
    Արեւմուտքից Չինաստան:
  10. Ե՞րբ է Հայաստանի Հանրապետությունը դաշնագիր կնքել իր հեռու եւ մոտիկ
    հարեւանների հետ «Մետաքսի մեծ ճանապարհի» երթուղիների վերաբերյալ:

Լավագույն պատասխանների հեղինակները հնարավորություն կստանան մասնակցել երկրորդ
փուլին:

Միաժամանակ հեղինակները պետք է ուղարկեն համառոտ տեղեկություններ իրենց մասին,
ներառյալ փոստային հասցե եւ հեռախոսահամար: Պատասխանները պետք է ուղարկվեն ոչ ուշ
քան 2005 թ. դեկտեմբերի 31-ը:
Օրը կորոշվի փոստային կնիքով:

Առաջին փուլի հաղթողները կստանան թեմաների շարք, որոնց վերաբերյալ կազմվելու են
երկրորդ փուլի հարցերը, ինչպես նաեւ կհրավիրվեն Երեւան: Մասնակիցները պետք է գրավոր
պատասխանեն այդ թեմաների վերաբերյալ մի քանի հարցերի:

Երկրորդ փուլի հաղթողներին կտրամադրվեն երրորդ փուլի թեմաները եւ մասնակցության
կանոնները: Երրորդ փուլը կկայանա Երեւանում:

Մրցույթի հաղթողները կստանան թանկարժեք մրցանակներ, ներառյալ համակարգիչ, որը սիրով
տրամադրել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը:

Մրցույթի կազմակերպմանն աջակցում են`

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը,

Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարությունը,

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը,

Դիվանագետների կանանց ասոցիացիան:

Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն, 375025, Երեւան, Չարենցի 4, բն. 93, հեռ.
(37410) 55 36 42: