Տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների վերաբերյալ հարցերը քննարկվել են շահագրգիռ մարմինների հետ

Հունվարի 31-ին կազմակերպվել էր «Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ընթացքում ի հայտ եկող խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ» քննարկումը:
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ողջույնի խոսքում նշեց, որ Պրոբացիայի ծառայության կողմից դատական ակտով կիրառված՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցներն իրականացնելիս գործնականում առաջացել են մի շարք հարցեր, ուստի նմանօրինակ քննարկումները նպաստելու են վերոնշյալ հարցերի լուծմանը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են այլընտրանքային խափանման միջոցների և ազատության սահմանափակում պատժի կատարման ընթացքում գործնականում առաջացող խնդիրները, Էլեկտրոնային հսկողության սարքերի տեխնիկական հնարավորությունները և կիրառման առանձնահատկությունները:

Անդրադարձ է կատարվել օրենսդրությանը, մասնավորապես պայմանավորվածություն է ձեռքբերվել օրենսդրական բացերի պարագայում իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, և էլեկտրոնային հսկողության կիրառման ժամանակ առաջացող հարցերը պարզաբանելու նպատակով մշակել միասնական ուղեցույց՝ ոլորտը կարգավորելու համար:

Քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության, Պրոբացիայի ծառայության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համագործակցության, Նիդերլանդների կառավարության ֆինանական աջակցությամբ` AISPIRA ծրագրի շրջանակներում, որին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: