Կապն արտաքին աշխարհի հետ. իրավունք, ոչ թե արտոնություն

Մաս 1. Տեսակցություններն ընտանիքի անդամների հետ
 

Ներածություն

Արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքը բխում է ավելի լայն` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքից1, որը, ի թիվս այլնի, երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, որին միացել է նաև Հայաստանը: Ավելին, վերականգնողական արդարադատության գաղափարը, որը որդեգրել է Հայաստանը, պահանջում է, որ քրեական արդարադատության կենտրոնում դրվի իրավախախտների վերականգնումը և վերաինտեգրումը հասարակություն: Բայց, որքան խիստ են մեկուսացման պայմաններն ուղղիչ հիմնարկներում, այնքան ավելի շատ ջանք է պահանջվում ազատությունից զրկված անձանց վերաինտեգրման համար: Ընտանիքի և ընկերների հետ սերտ կապերն ուղղակիորեն ազդում են ազատությունից զրկված անձանց բարեկեցության և քրեական ենթամշակույթի ազդեցությունից խուսափելու վրա: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկի պատերից դուրս գտնվող անձանց հետ կանոնավոր կապը կարող է խոշտանգումների և վատ վերաբերմունքի բացառման երաշխիք լինել: Եվ վերջապես, նման շփումները, ինչպես հաստատվել է բազմաթիվ հետազոտություններով և մշտադիտարկում իրականացնող առաքելությունների կողմից, ուղղակիորեն նպաստում են քրեակատարողական հիմնարկում լարվածության նվազմանը, ավելի դրական միջավայրի ձևավորմանը, այսինքն նպաստում են հիմնարկի արդյունավետ կառավարմանը:

Սույն հոդվածն ներկայացնում է արտաքին աշխարհի հետ կապի ապահովման միջազգային չափանիշները և վերլուծում գործող ազգային օրենսդրական կարգավորումների և պրակտիկայի համատեքստում ընտանիքի անդամների և ընկերների հետ տեսակցությունների իրավունքի իրացումը:

Արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքի աղբյուրները և էությունը

Արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքը ներառում է

  • տեսակցություններն ընտանիքի անդամների հետ

  • նամակագրությունը/հեռախոսակապը/ինտերնետի հասանելիությունը

  • տեղեկատվության հասանելիությունը (թերթեր, ամսագրեր և լրատվության այլ աղբյուրներ)

  • կապը դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների հետ

Նշված իրավունքները հաստատված և հանգամանորեն հիմնավորված են մի շարք միջազգային և տարածաշրջանային փաստաթղթերում:

Ընդհանուր չափանիշներն ամրագրված են

  • ՄԱԿ-ի՝ բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններում (Նելսոն Մանդելայի կանոններ), կանոններ 58-63, 88.2,106, 107

  • Կալանքի կամ ազատազրկման որևէ ձևի ենթարկված բոլոր անձանց պաշտպանության հիմնական սկզբունքներում, սկզբունք 19

  • Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի` 2015 թվականի մարտի 5-ի A/HRC/28/68 զեկույցում, պարագրաֆ 77

  • Եվրոպական բանտային կանոններում, կանոններ 24.1-24.9

  • ԽԿԿ-ի գործունեության մասին 2-րդ ընդհանուր զեկույցում, պարագրաֆ 51:

Կան նաև առանձին խոցելի խմբերին, ինչպիսիք են երեխաները, կանայք, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, օտարերկացիները և միգրանտ աշխատավորները, վերաբերող միջազգային իրավական փաստաթղթեր։ Դրանք են․

  • Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, հոդված 37

  • Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության ՄԱԿ-ի կանոնները, կանոններ 59-62

  • Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 24-րդ ընդհանուր զեկույցը, պարագրաֆներ 122-123

  • Ազատությունից զրկված կանանց վարվեցողության և կին իրավախախտների նկատմամբ կիրառվող՝ ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալՄԱԿ-իկանոնները (Բանգկոկյան կանոններ), կանոններ 26-28

  • Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության համատեքստում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող միջազգային իրավական նորմերի կիրառման Ջոկյակարտյանս կզբունքները, սկզբունք 9

  • Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec (2012)12 հանձնարարականն անդամ երկրներին` օտարերկրյա քաղաքացի բանտարկյալների վերաբերյալ, պարագրաֆներ 22.1-22.9

  • Բոլոր միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիա, հոդված 17:

Հայաստանում արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքն ամրագրված է Քրեակատարողական օրենսգրքում` հոդվածներ 92; 12.1(9); 50; 70.2(3), Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում` հոդվածներ 13.1(9); 17​ և Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում: Արտաքին աշխարհի հետ կապի պահպանումն ազատությունից զրկվածների հիմնական իրավունքներից է: Այն ներառում է նամակագրության, այցելությունների, հեռախոսազանգերի, գրականությունից և զանգվածային լրատվամիջոցներից օգտվելու իրավունքները: Դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների հետ կապի իրավունքը հետ թեև ներառված չէ այդ իրավունքների շարքում, այնուամենայնիվ ամրագրված է հատուկ դրույթով (ՀՀ Քրեակատարողական օրենսգիրք, հոդված 12.3​): Ընդհանուր առմամբ օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն պրակտիկայում այն չի կիրառվում:

Տեսակցություններն ընտանիքի և ընկերների հետ ՀՀ օրենսդրության մեջ

Հայաստանում ազատությունից զրկված անձանց բարեկեցությունը մեծապես կախված է ընտանիքի նյութական և բարոյական աջակցությունից, քանի որ մեր հիմնարկները ոչ միայն չեն տրամադրում անգամ նվազագույն հոգեբանական աջակցություն, այլ նաև չեն ապահովում նրանց ամենատարրական նյութական կարիքները (անձնական հիգիենայի պարագաներ, հագուստ, սնունդ):

Ազատությունիվ զրկվածներն ունեն կարճատև և երկարատև տեսակցությունների իրավունք: Դատապարտյալներին տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ կարճատև տեակցություն` մինչև չորս ժամ տևողությամբ8: Երկարատև տեսակցություն տրամադրվում է մինչև երեք օր տևողությամբ, ինչը, ի դեպ, բացառիկ ժամկետ է և կարող է համարվել եվրոպական բանտային համակարգի լավագույն փորձ:  

Այնուամենայնիվ, չնայած լավատեսական «ամսվա ընթացքում առնվազն մեկ կարճատև տեսակցություն» բանաձևին և հնարավոր ամենաերկարատև տեսակցության ամրագրման փաստին, գործող օրենսդրությունը և պրակտիկան մի շարք մտահագությունների տեղիք են տալիս, եթե համադրում ենք դրանք ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության ընդունված միջազգային չափանիշների և տարբեր երկրների քրեական արդարադատության համակարգերի լավագույն փորձի հետ:Եվ այսպես․

  1. չնայած քրեակատարողական օրենսգրքի «ամսվա ընթացքում առնվազն մեկ կարճատև տեսակցություն» ձևակերպմանը` նույն օրենսգրքի մեկ այլ հոդվածով սահմանվում է, որ ազատազրկման դատապարտված անձին կարող է տրամադրվել առավելագույնը 14 տեսակցություն տարվա ընթացքում (Հոդված 93.1(1) սահմանում է. «…ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները [..]. լրացուցիչ կարճատև կամ երկարատև տեսակցության տրամադրում, բայց տարվա ընթացքում երկու կարճատև կամ երկու երկարատև տեսակցությունից ոչ ավելի»:), ինչը չեզոկացնում է առաջին ձևակերպման գրավչությունը: ՀՀ կառավարության N 1543-Ն որոշմամբ հատուկ սահմանվում է, որ որոշ իրավիճակներում սահմանված նվազագույն քանակից ավելի տեսակցություն չի տրամադրվում: Ըստ այդմ, պրակտիկայում ամսվա ընթացքում “առնվազն մեկ կարճատև տեսակցություն” բանաձևը վերափոխվում է “առավելագույնը մեկ տեսակցություն” բանաձևի, ինչը խոչընդոտում է վերականգնման և վերաինտեգրման ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Համաձայն ԽԿԿ չափանիշների` արտաքին աշխարհի հետ կապի պահպանման խրախուսումը պետք է լինի երկրի քրեակատարողական համակարգի առաջնային նպատակը11: Մասնավորապես ընտանիքի հետ հաղորդակցվելու ցանկացած սահմանափակում պետք է կիրառվի բացառապես անվտանգության նկատառումով և ռեսուրսների սղության հիմնավորմամբ: Հաշի առնելով ազատությունից զրկված անձի վերականգնման և վերաինտեգրման համատեքստում արտաքին աշխարհի հետ կապի պահպանման կարևորությունը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն անգամ պարտավոր է խրախուսել այդ կապի պահպանումը: ՄԱԹՀՊԳ ուղեցույցի համաձայն` «ազատությունից զրկված անձանց կապերը պետք է դիտարկվեն որպես իրավունք և ոչ թե որպես արտոնություն» և ըստ այդմ չպետք է կիրառվեն որպես խրախուսանք կամ պատժի միջոց (ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ (ՄԱԹՀՊԳ), “Handbook on Dynamic Security and Prison Intelligence”, Նյու-Յորք, 2015, էջ 22​): Մեզ մոտ հակառակն է. լրացուցիչ տեսակցության իրավունքը սահմանված է որպես արտոնություն, ինչն ակնհայտորեն հակասում է Հայաստանի կողմից հռչակված վերականգնողական արդարադատության գաղափարին: Ավելին, <<ընտանիքի հետ տեսակցությունները ոչ մի դեպքում չպետք է շահարկվեն որպես կարգապահական լծակ, հատկապես անչափահասների դեպքում>>,— ասվում է Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի առաջարկություններում:

  2. Եվրոպայում ամուսինների երկարատև տեսակցությունները թույլատրվում են միայն մերձավոր ազգականներին կամ այն անձանց, որի հետ ազատությունից զրկված անձն ունի համատեղ երեխա: Հայաստանում մերձավոր ազգականի սահմանումը տրված է ինչպես Քրեական դատավարության օրենսգրքում (հոդված 6), այնպես էլ Ընտանեկան օրենսգրքում (հոդված 11) և այդ սահմանումները տարբեր բովանդակություն և կառուցված ունեն: Մեր կարծիքով` քրեական իրավունքի տեսանկյունից նպատակահարմար է օգտագործել Քրեական դատավարության օրենսգրքի սահմանումը, որը որպես մերձավոր ազգական թվարկում է ծնողներին, զավակներին, որդեգրողներին, որդեգրվածներին, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրներին և քույրերին, պապուն, տատուն, թոռներին, ինչպես նաև ամուսնուն և ամուսնու ծնողներին, վերջիններիս համար` փեսուն և հարսին: Հայաստանում երկարատև տեսակցությունները թույլատրելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմն առաջնորդվում է «ամուսին» եզրույթի ամենասահմանափակ մեկնաբանությամբ՝ հիմավոր համարելով միայն պաշտոնապես գրանցված ամուսնությունները, ինչը բացառում է եկեղեցով ամուսնությունները և քաղաքացիական ամուսնությունները:

  3. Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների առանց այն էլ ծանր վիճակը էլ ավելի է բարդանում այն հանգամանքով, որ ընտանիքի հետ կապի պահպանման իրենց իրավունքը լրջորեն խախտվում է անձնական և ընտանեկան կյանք ունենալու իրավունքի բացարձակ ժխտմամբ: Նրանք դառնում են գենդերային կարծրատիպերի զոհ, որոնք խորապես արմատացած են ոչ միայն քրեակատարողական հիմնարկի քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների, այլ նաև վարչակազմի մոտ:

  4. Օրենսդրության նշյալ բացերի անմիջական կրողներն են անչափահասները: Ավելին, Հայաստանում նախատեսված չէ անչափահասների տեսակցության հատուկ ռեժիմ, ինչը միջազգային փաստաթղթերի պարտադիր պայման է16: Սա հատկապես կարևոր է, քանի որ անչափահասները գտնվում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում` շատ հաճախ շատ հեռու իրենց բնակության վայրից և ընտանիքից:

  5. Խնդրահարույց է նաև նյութական աջակցության մեխանիզմների բացակայությունն այն անձանց, որոնք հնարավորություն չունեն այցելելու քրեակատարողական հիմնարկում գտնվող իրենց ազգականներին: Այս առումով Հայաստանում կրկին առավել խոցելի են կանայք և անչափահասները, քանի որ քիչ լինելու պատճառով նրանք տեղաբաշխվում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ հաճախ շատ հեռու իրենց բնակավայրերից: Հաշվի առնելով ազատությունից զրկված անձանց բարեկեցության համատեքստում տեսակցությունների դրական ազդեցությունը և թվարկված առավելությունները` պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի` ապահովելու երկարատև տեսակցությունների իրավունք ունեցող այն ազգականների հետ կապը, որոնք հնարավորություն չունեն հոգալու իրենց ճանապարհածախսը: Ավելին, տեսակցությունների տրամադրման ընթացակարգը պետք է ավելի ճկուն լինի։ Օրինակ՝ օտարերկրյա քաղաքացի ազատազրկվածների և պատիժն իրենց բնակության վայրից հեռու կրող անձանց համար պետք է հասանելի լինի այցելությունները կուտակելու հնարավորությունը։

  6. Տեսակցությունների տրամադրման գործընթացում պետք է բացառվեն կոռուպցիան և արտոնյալների խավի գոյությունը: Անընդունելի է տեսակցությունների անհիմն արգելումը կամ գումարի դիմաց տեսակցությունների տրամադրումը, մինչդեռ նման դեպքեր բազմիցս արձանագրվել են մշտադիտարկում իրականացնող մարմինների կողմից:

  7. Վերականգնողական արդարադատության առաջնային պահանջներից է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի նկատմամբ անհատական մոտեցման մշակումը: Սկզբունքը, որ ազատման նախապատրաստությունը պետք է սկսվի ազատությունից զրկելու առաջին իսկ օրվանից, հուշում է, որ ընտանիքի հետ տեսակցությունների աստիճանական ավելացումը հիանալի միջոց է կապերը պահպանելու և անձին վերաինտեգրմանը պատրաստելու համար: Մեզ մոտ բացակայում են խիստ ռեժիմից ավելի թույլ ռեժիմին` արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունների ընդլայնմամբ, աստիճանական անցում կատարելու հստակ մեխանիզմները և ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ է կիրառել մինչև անձի ազատվելը: Ավելին, պատժի կրման ավարտին դատապատյալին արձակուրդ, լրացուցիչ տեսակցություններ տրամադրելը հաջող վերաինտեգրմանն աջակցելու կարևոր գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս դատապարտյալին ամրապնդել իր հարաբերություններն ընտանիքի հետ և վերականգնել համայքի ներսում կապեր (Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի առաջարկություններ) , մինչդեռ մեր օրենսդրությունը պարզապես անտեսում է այս գործոնը։ Անշուշտ նման այցելությունների տրամադրման ընթացակարգը պետք է հստակ սահմանված և կանոնակարգված լինի` խուսափելու համար թյուրընկալումներից, որ դրանք ընտրողական են տրամադրվում: Սակայն, ընդհանուր առմամբ, մեր օրենսդրությունը պետք է ավելի ճկուն լինի, որպեսզի հնարավոր լինի այն կիրառել յուրաքանչյուր առանձին դեպքում:

  8. Կարևոր է ընտանիքի անդամների և ընկերների հետ տեսակցությունների կազմակերպումը` ազատությունից զրկված անձի և այցելուի արժանապատվության հարգման սկզբունքի պահպանմամբ և առանց քրեակատարողական հիմնարկի անվտանգության խաթարման: Շատ հաճախ դատապարտյալները հրաժարվում են երկարատև տեսակցություններից` այցելությունների համար նախատեսված սենյակների ոչ բավարար պայմանների պատճառով: Անգամ եթե սենյակները պատշաճ կահավորված են, այցելուները փակի տակ են պահվում, չունեն դատապարտյալների բնակության տարածքից դուրս զբոսնելու և մաքուր օդին համատեղ ժամանակ անցկացնելու հնարավորություն ( Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը՝ կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ, էջ 75): Նման` լրացուցիչ բացասական հույզեր առաջացնող պայմանների պատճառով շատ դատապարտյալներ հրաժարվում են երկարատև տեսակցություններից:

 

Մինչդատական կալանքի փուլում մտահոգություն առաջացնող առավել կարևոր խնդիրնեն են.

  1. Մինչդատական փուլում ընտանիքի անդամների և ընկերների հետ տեսակցությունների կամայական արգելումը երկար տարիներ արդիական է Հայաստանում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, դիտորդական մարմինները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմիցս ընդգծել են, որ մինչդատական կալանքի ընթացքում արտաքին աշխարհի հետ կապի սահմանափակումները պետք է կիրառվեն միայն բացառիկ դեպքում և պետք է հստակ հիմնավորված լինեն20:

  2. Կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված չէ երկարատև տեսակցություն ունենալու հնարավորություն (տարեկան հաղորդումը 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին, էջ 20-21​): Հաշվի առնելով այն փաստը, որ մինչդատական կալանքը կարող է բավականին երկար ժամանակ տևել, այս բացը լրջագույն խնդիր է դառնում, հատկապես եթե նկատի ունենք, որ խոսքն այն անձանց մասին է, որոնք դեռևս չեն դատապարտվել և հնարավոր է, որ չդատապարտվեն էլ:

  3. Ձերբակալվածների պահման վայրերում կարճատև տեսակցությունները տրամադրվում են բաժանարար պատնեշներ ունեցող սենյակներում, որոնք ապահովված չեն պատշաճ հարմարություններով: Առաջինը` բացակայում է անձանց ֆիզիկական շփման հնարավորությունը. ազատությունից զրկված անձին և այցելուին բաժանում է ապակե պատնեշը (Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, էջ 116-117): Երկրորդը` տեսակցությունների տրամադրման համար նախատեսված սենյակները հաճախ օգտագործվում են այլ նպատակներով (զննություններ, քննչական գործողություններ և այլն) և հասանելի չեն լինում այցելուների համար (Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, էջ 116-118):

 

Առաջարկություններ

Հիմք ընդունելով վերոգրյալը` Քաղաքացիական հասարակության ինստիտուտն առաջարկում է

  1. Ընդլայնել «ընտանիք» եզրույթի մեկնաբանությունը: Երկարատև տեսակցությունները պետք է թույլատրվեն նաև քաղաքացիական ամուսիններին և եկեղեցով ամուսիններին։ Ավելին, անհրաժեշտ է թույլատրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների երկարատև տեսակցություններն իրենց զուգընկերների հետ:

  2. Բարեփոխել գործող օրենսդրությունը` երաշխավորելով, որ արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը խրախուսվում է, տեսակցությունների նվազագույն թույլատրելի քանակն ավելացված է, իսկ սահմանափակումները հիմնավորված և արդարացի են ու բխում են անվտանգության ապահովման պահանջներից, ինչպես նաև ապահովել ազատությունից զրկված անձի անհատական վերականգնողական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմ, այն է սենյակների հասանելիությունը և այցելությունների ռեժիմի աստիճանական ազատականացման դրույթներ։

  3. Ներդնել պատժի կրման ավարտից առաջ կամ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի դեպքում արձակուրդի հնարավորությունը և անվտանգության ռեժիմի աստիճանական թուլացման ընթացակարգ:

  4. Օրենսդրորեն ամրագրել, որ կարգապահական տույժերը և սահմանափակումները չեն ներառում ընտանիքի հետ կապի արգելումը24։ Երաշխավորել, որ անչափահասների դեպքում ընտանիքի հետ կապի սահմանափակումը կամ արգելումը բացառված է ցանկացած պարագայում25: Չեղյալ հայտարարել այն իրավական դրույթները, որոնք լրացուցիչ տեսակցությունները պայմանավորում են կարգապահական տույժով կամ որևէ այլ հանգամանքով: Դիտարկել լրացուցիչ տեսակցություններն ազատությունից զրկված անձի ռիսկերի ու կարիքների գնահատման և քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական ծառայության համապատասխան առաջարկության հիման վրա տրամադրելու հնարավորությունը:

  5. Սահմանել անչափահասների և օտարերկրյա քաղաքացիների տեսակցությունների հատուկ կարգ և գործող օրենսդրությունը համապատասխանեցնել մջազգային չափանիշներին:

  6. Մշակել ճանապարհածախսի հատուցման մեխանիզմներ երկրատև տեսակցության իրավունք ունեցող այն անձանց համար, որոնք ֆինանսական բարդ վիճակի պատճառով հնարավորություն չունեն այցելելու քրեակատարողական հիմնարկում գտնվող իրենց ազգականներին:

  7. Բացառել քրեակատարողական հիմնարկներում արտոնյալների խավի առանձնացման պրակտիկան, երաշխավորել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քաղաքականության հետևողականությունը:

  8. Կյանքի կոչել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում ներկայացված առաջարկություններն արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքի խախտումների վերացման վերաբերյալ, հատկապես կալանավորված անձանց մասով: Մասնավորապես` երկարատև տեսակցությունները թույլատրել ոչ միայն դատապարտյալներին, այլ ազատությունից զրկված բոլոր անձանց, բարելավել կարճատև տեսակցությունների պայմանները, ապամոնտաժել ապակե միջնորմերը, հատուկ սենյակ հարմարեցնել կարճատև տեսակցությունների համար, բացառել արտաքին աշխարհի հետ կապի կամայական արգելման պրակտիկան:

 

Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։

 

Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

1Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ), ԽԿԿ գործունեության մասին 2-րդ ընդհանուր զեկույց, որն ամփոփում է 1991 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, 1992, CPT/Inf (92) 3, պարագրաֆ 51​

8Կալանավորված անձին ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ

11Տե´ս ԽԿԿ-իգործունեության մասին 2-րդ ընդհանուր զեկույց, 1992 թ., պարագրաֆ 51

16Տե´ս Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության ՄԱԿ-ի կանոններ, կանոններ 59-462; Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 24-րդ ընդհանուր զեկույց, պարագրաֆներ 122-123

20Տե´ս http://www.pmg.am/hy/news/successful-cases/2017-12-11-10-28-33; տարեկան հաղորդումը 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին, էջ 19-21: Հասանելի է http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/b5220dd0b83b420a5ab8bb037a1e02ca.pdf; տարեկան զեկույցը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ, էջ 12: Հասանելի է http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/59297c7b4276c9dbf19cd1f1cfcd92a8.pdf

24 Տե´ս Մանդելայի կանոններ, կանոն 43.3; Բանգկոկյան կանոններ, կանոն 23

25 Տե´ս Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության ՄԱԿ-ի կանոններ, կանոն 67