ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավապաշտպանություն. ի՞նչ է փոխվել նոր Հայաստանում
Անցած 4 օրերի ընթացքում իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների շրջանում երկու միջադեպ գրանցվեց, որոնց, մեր կարծիքով, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել:
Առաջինը` հանրության, այդ թվում նաև իրավապաշտպանների վրդովմունքը` պայմանավորված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ մեղադրվող Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու որոշմամբ: Դատավոր Տ.Գրիգորյանը ոչ իրավաչափ է ճանաչել Համբարձումյանին ձերբակալելու քննիչի որոշումը:
Երկրորդը` մի շարք ՀԿ-ների կոչը հետաքննելու աբխազ երիտասարդի կողմից Աբխազիայի կողմից տրված փաստաթղթերով ՀՀ տարածք ենթադրյալ ապօրինի մուտք գործելու միջադեպը:
Երկու դեպքերը, անկասկած, կարող են պատասխանատու անձանց արդյունավետ աշխատանքի վերաբերյալ վեճեր և կասկածներ հարուցել, սակայն, մեր կարծիքով, դրանք դուրս են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ստանձնած լիազորությունների շրջանակից:
Մարդու իրավունքների հիմունքների վերաբերյալ ցանկացած ուսումնական ծրագիր սկսվում է նրանից, որ սահմանում է, թե ինչ նկատի ունենք մարդու իրավունքներ ասելով, ովքեր են այս ոլորտում պարտավորությունների, իսկ ովքեր` իրավունքների կրողները, ինչ է նշանակում իրավապաշտպան գործունեություն և ինչ է դուրս մնում այդ գործունեության շրջանակներից: Մարդու իրավունքների ոլորտի կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների վերաբերյալ դասական բանաձև գոյություն ունի. մի կողմից` մարդը՝ անհատը, իր իրավունքները և ազատությունները, մյուս կողմից` պետությունը, իր սահմանափակումներով, իշխանության ուժով տրվող լիազորություններով և հարկադրանքի մեխանիզմով: Այս բանաձևի համաձայն` պետությունը մարդու իրավունքների կրողը չէ, անձը, իր հերթին, մարդու իրավունքների ոլորտում որևէ պարտականություն չունի: Թեև այս մոտեցումն ակադեմիական շրջանակներում վերջին ժամանակներում հարցականի տակ է դրվում, սակայն ոչ ոք դեռ այնքան հեռուն չի գնացել, որ պնդի, որ իրավապաշտպան գործունեությունն ենթադրում է պետության շահերի պաշտպանություն ի վնաս անհատի:
Հայաստանում չկան իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության ոլորտների խիստ կարգավորումներ, չկան նաև դրա անդամների վարքագծի կանոններ: Յուրաքանչյուր կազմակերպություն գործում է իր կանոնադրության և իր առաջնահերթությունների համաձայն, ինչը ողջունելի է: Սակայն իրավապաշտպան գոծունեության անկյունաքարը մարդկանց ծառայելն է, այլ ոչ թե պետական մարմիններին նրանց դեմ դուրս հանելը:
Դատարանները օրենքներ չեն ընդունում, խորհրդարանը դատական որոշումներ չի կայացնում, դատախազությունը ամբաստանյալների պաշտպանությամբ չի զբաղվում, փաստաբանն իրավունք չունի գործելու իր պաշտպանյալի շահերին դեմ, իրավապաշտպան կազմակերպությունները կոչով չեն դիմում պետական մարմիններին` հետաքննելու առանձին անձանց կողմից պետական սահմանի ապօրինի հատման հետ կապված միջադեպերը: Սա այն հիմնաքարն է, առանց որի մարդու իրավունքներ գաղափարի ամբողջությունը խարխլվում է:
Եթե ամեն ինչ գլխիվայր է շրջվում, և իրավապաշտպան ՀԿ-ները պետությանը դուրս են հանում անհատների դեմ, անգամ եթե վերջիններս խախտել են օրենքները, ապա ՀԿ-ները դուրս են գալիս այն շրջանակներից, որոնք իրենք իրենց համար սահմանել են՝ իրենց իրավապաշտպան հռչակելով:
Փոխեք ձեր կանոնադրությունները, հանեք իրավապաշտպանության բաղադրիչը ձեր առաքելությունից, աշխատեք երիտասարդ և եռանդուն կառավարության համար. իրենք կադրերի կարիք ունեն: Թե չէ ստեղծվում է անհարմար մի իրավիճակ, որը «շահերի բախում», կամ, ինչն ավելի վատ է, «GONGO» հասկացություններով է որակվում: