ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ամուլսարի հանքը Հայաստանում․ կառավարությունը պետք է խուսափի բնապահպանական և մարդկային հնարավոր աղետից
Երևան-Փարիզ 2019թ․ հունիսի 20։ Այս ամիս Հայաստանի կառավարությունը որոշելու է՝ թողնում է արդյոք Լիդիան Արմենիա ընկերությանը վերսկսել իր հանքային գործունեությունը Ամուլսարում։ Կոռուպցիայի մթնոլորտում սկսված այդ աշխատանքները կասեցվել են 2018 թ.-ի օգոստոսին տեղի համայնքների և հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) հակադիր գործողություններից հետո։ FIDH-ը նախազգուշացնում է աղետալի վնասների մասին, որը կարող է թողնել հանքավայրի շահագործումը տեղական համայնքների վրա:
Կառավարության որոշումը կախված է լինելու Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը գնահատելու նպատակով այս տարվա սկզբին հանձնարարված փորձաքննության եզրակացությունից։ 2019 թ․-ի ապրիլին FIDH-ը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) իրականացրել են փաստահավաք առաքելություն Հայաստանում և Ամուլսարի տարածաքում՝լուսաբանելով վտանգները, որոնք կարող է առաջացնել ծրագիրը: Հանքարդյունաբերական այս ծրագրի համար գերակայությունը շահույթն է, այն անտեսում է մարդու իրավունքները և շրջակա միջավայրը:
2007 թ. Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն, որը հանդիսանում է Լիդիան Ինթրնեյշնլ ընկերության դուստր ձեռնարկությունը, սկսել է Հայաստանում իր գործունեությունը՝ ուղղված ոսկու հանքավայրի շահագործման նախագծմանն ու իրականացմանը: Սկսած 2012 թվականից փորձագետներն ու ակտիվիստները քննադատել են Ամուլսարի հանքարդյունաբերական գործունեությունը իր՝ առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության համար։ Անցյալ տարի որոշ բնակիչներ արգելափակել էին հանքի մուտքը և պահանջում էին ծրագրի կասեցումը։ Ի պատասխան՝ Լիդիան Արմենիան ակտիվ քարոզարշավ սկսեց՝ միտված լռեցնելու բոլոր քննադատներին, այդ թվում՝ իրավապաշտպաններին։
2018 թ. Նոյեմբերին Ջերմուկ քաղաքի, որտեղ գտնվում է Ամուլսարը, շուրջ 3000 բնակիչներ միջնորդություն են ստորագրել ծրագիրը կասեցնելու, իսկ Ջերմուկի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է կայացրել զարգացնել Ջերմուկ համայնքը որպես էկոլոգիապես մաքուր տնտեսություն` արգելելով իր տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը: Այս և այլ համայնքներ, որոնք դեմ են արտահայտվել իրենց տարածքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելուն, ենթարկվել են ճնշումների կենտրոնական իշխանության կողմից, այն պատրվակով, որ նման որոշումները չեն կարող կայացվել համայնքային մակարդակում։
Ցուցարարները մատնանշում են կոռումպացված մթնոլորտը, որի շնորհիվ սկիզբ է առել ծրագիրը, պատշաճ խորհրդատվության բացակայությունը, հնարավոր կործանարար ազդեցությունը, որը այն կունենա տարածքի ջրային համակարգի (Կեչուտի ջրամբար) և, որպես հետևանք, տեղական բնակիչների կյանքի և առողջության և երկրի խոշորագույն ռեսուրսի՝ Սևանա լճի վրա:
Անհանգստության մեկ այլ պատճառ են այս ծրագրի հնարավոր հետևանքները Ջերմուկ քաղաքի վրա։ 18-րդ դարից ի վեր իր հանքային ջրի, մաքուր օդի և խաղաղ միջավայրի շնորհիվ Հարավային Կովկասի ամենահայտնի առողջարանական քաղաքներից մեկը կարող է վերածվել հանքարդյունաբերական քաղաքի՝ կրելով անվերականգնելի վնասներ։ Օդային, ջրային և հողային աղտոտվածության, ինչպես նաև լանդշաֆտում զգալի փոփոխությունների պատճառով կխարխլվի նաև ֆերմերային տնտեսությունը՝ տեղի բնակիչների՝ ապրուստի հիմնական միջոցը:
Իրենց փաստահավաք առաքելության ընթացքում FIDH-ը և ՔՀԻ-ն հանդիպել են ոլորտով զբաղվող մի շարք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակտիվիստների, ինստիտուցիոնալ ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների հետ: Այս հանդիպումները ցույց են տվել, որ չնայած քաղաքական նոր մթնոլորտի հետ կապված առաջընթացին և լավատեսությանը՝ ձեռնարկատիրական գործունեությունը, մասնավորապես՝ հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ Ամուլսարի ծրագիրը, մտահոգության տեղիք են տալիս ոչ միայն բնապահպանական խնդիրների, այլև մարդու իրավունքների տեսանկյունից:
FIDH-ի և ՔՀԻ-ի կողմից փաստագրված Ամուլսարի ծրագրին վերաբերող որոշ խնդիրներ նշվել են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի համապատասխանության պաշտպան-խորհրդական 2017 թ․-ի զեկույցում, ինչից հետո կազմակերպությունը դադարեցրել է իր ներդրումը ծրագրում: Խնդիրներ կան հողերի ձեռքբերման հետ կապված, ինչպես նաև բացակայում է պատշաճ խորհրդակցությունը տուժող համայնքների հետ, մասնավորապես՝ Ջերմուկ համայնքի, որի վրա հանքարդյունաբերական գործունեությունը հիմնովին ազդեցություն է ունենալու։ «2017թ․-ին մատնանշված խնդիրները մինչ օրս իշխանությունների կամ ընկերության կողմից որևէ կերպ չեն հասցեագրվել, իսկ համայնքին ոչ մի այլնտրանք չի առաջարկվել»,- նշում է FIDH-ի գլոբալիզացիայի և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Մադալենա Նեգլիան։
FIDH-ը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լիդիան Արմենիայի դատական հետապնդման և զրպարտչության մտահոգիչ համակարգային արշավների վրա, որոնք նպատակ ունեն լռեցնելու Ամուլսարի գործով զբաղվող լրագրողներին և իրավապաշտպաններին, մասնավորապես` կանանց։
Լիդիան Արմենիան շարունակում է ճնշումներ գործադրել Հայաստանի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլատրի իր գործունեության վերսկսումը։ 2019 թ․-ի մարտին, օրինակ, այն Հայաստանի կառավարությանը տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի և Կանադայի երկկողմ ներդրումային պայմանագրի խախտման վերաբերյալ արբիտրաժային դատարան դիմելու մասին՝ միաժամանակ շարունակելով քննադատել Հայաստանի կառավարությանը իր ինտերնետային էջում և ներդրողների ֆորումներում:
«Լիդիան Արմենիայի վարքագիծը Ջերմուկին ոչ մի լավ բան չի խոստանում,- ասում է FIDH փոխնախագահ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը։- Մենք խորապես մտահոգված ենք, որ ներդրողների շահը հերթական անգամ կարող է ավելի բարձր դասվել, քան մարդկանց և մոլորակի պաշտպանությունը։ Ինչպե՞ս կարելի է այս «փոքրիկ դրախտի» ՝ Ջերմուկի և իր շրջակա տարածքի ոչնչացումը համարել «կայուն զարգացում»»։