ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանում ժողովուրդը չի դիտարկվել տնտեսություն զարգացնող ուժ». Արտակ Կիրակոսյան
«Մեր հանրությունը, ցավոք սրտի, առ այսօր չի սովորել և պատրաստ չէ հանրային պայմանագրով՝ Սահմանդրությամբ առաջնորդվել, պահպանել ու չխախտել դրանով ամրագրված համակեցության կանոնները»,-նման կարծիք հայտնեց սահմանդրագետ Արմեն Մազմանյանը, ով մասնակցում էր Սահմանադրության օրվան նվիրված քննարկում «Դե յուրե և դե ֆակտո սահմանադրական կարգերի հակասությունը» թեմայով քննարկմանը:
Նա դրանով է բացատրում խզվածքը դեմոկրատական երկիր կառուցելու մասին խոսակցությունների, ձգտումների և առկա իրավիճակի միջև:
«Սահմանդրությունը՝ որպես հանրային շահերից բխող պայմանագիր, արտացոլված չէ մեր գիտակցության մեջ: Սա է խզվածքի հիմնական պատճառը»,-ասաց նա, կարծիք հայտնելով, որ Սահմանդրությունը պայմանագիրը պետք է լինի հասարակության միջև, ոչ թե հասարակությանը իշխանության կողմից պարտադրված իրավական փաստաթուղթ ընկալվի:
Հանրության գիտակցության մեջ դրա արտացոլման բացակայությունը, Մազմանյանի կարծիքով, Սահմանդրության խնդիրը չէ, այլ հասարակական հարաբերությունների զարգացման դինամիկայի արդյունք է:
Քննարկման բանախոսներից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանն էլ կարծիք հայտնեց, որ քաղաքական իրավունքների պաշտպանությունը բերում է սոցիալական իրավունքների պաշտպանության:
«Եթե մենք ունենում ենք խոսքի, հավաքների ու այլ ազատություններ, սրանց արդյունքում կլինի նաև սոցիալական իրավունքի ազատություն»,-ասաց ՀԿ նախագահը:
Նա կարծում է, որ իրավունքների բալանսավորման առումով նոր սահմանդրությունն ավելի լավն է, քան նախորդն էր:
«Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ տնտեսական բարիքների բաշխման որևէ բալանս չկա: Այսինքն, օլիգարխիկ համակարգը կշարունակի մնալ, եթե մենք ունենաք խոսքի, ընտրության, հավաքների ազատություն: Ամենակարևոր խնդիրը, որ մենք այսօր ունենք, այն է, որ ոչ մի կառավարություն Հայաստանում ժողովրդին չի դիտարկել տնտեսություն զարգացնող շարժիչ ուժ: Նրանք բոլորը ժողովրդին դիտարկել են, որպես ծանր բեռ տնտեսության վրա»,-հայտարարեց նա:
Արտակ Կիրակոսյանը նշում է, որ ստեղծված իրավիճակը գալիս է նաև տնտեսության ճյուղերի զարգացման տեսլականից, եթե կառավարությունն ասում է՝ զարգացնում է տուրիզմը կամ հանքարդյունաբերությունը, այդ պարագայում ստացվում է՝ ինչքան քիչ ժողովուրդ լինի այնքան՝ լավ:
«Ինձ թվում է, ամենահիմնական խնդիրներից է, որ ունենք պետության կառուցման մեջ, որին Սահմանդրությունը որևէ կերպ չի պատասխանում, շրջանցվել է»,-ասաց Կիրակոսյանը:
Նա նկատել է, Սահմանդրության մասին խոսելիս սոցիալական խնդիրների մասին մոռանում են, սկսում ենք քննարկել իշխանության բաժանումը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանդրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: ՀՀ Սահմանադրության առաջին փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով: ՀՀ Սահմանադրության երկորդ անգամ փոփոխությունների ենթարկվել է 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով: