ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դ. Ջամալյան. Բանակը դարձել է ավելի բաց և հանրային վերահսկողության համար առավել մատչելի

«Նախևառաջ պետք է նշեմ, որ բանակը դարձել է ավելի բաց և հանրային վերահսկողության համար առավել մատչելի: Ավելին, ակնհայտ է, որ հանրային վերահսկողությունը զգաստացնող ազդեցություն է ունենում զորքերում: Սակայն բանակի շուրջ առողջ հրապարակայնության կարիքը դեռևս զգացվում է: Մասնավորապես սաղմնավորման փուլում կարելի է համարել բանակ- լրատվամիջոցներ համագործակցության մշակույթը: Կարծում եմ նման համագործակցության հիմքում պետք է լինի խնդրի լուսաբանում - խնդրի լուծում մեթոդաբանությունը: Սա բանակի հանդեպ հասարակության վստահությունը ամրապնդելու ամենաարդյունավետ միջոցներից է: Ասվածի նախադեպեր արդեն կան. անցնող տարում ՊՆ ղեկավարությունը արձագանքել է մամուլում տեղ գտած մի շարք կոնկրետ հրապարակումների: Հատկապես ցանկանում եմ շեշտել. եթե լրատվամիջոցը բացահայտել է որևէ անօրինականություն և հետամուտ է լինում վերջինիս վերացմանը, ապա դրանով միմիայն նպաստում է բանակի մարտունակության ամրապնդմանը»,- ամփոփելով 2010 թվականին Զինված ուժերում տեղի ունեցած զարգացումները՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքերով՝ վտանգավորը հետևողական հակաբանակային քարոզարշավն է, երբ բանակը նպատակաուղղված կերպով վարկաբեկվում է: «Որքան էլ, որ անտրամաբանական թվա առաջին հայացքից` մեզանում կան այնպիսիք, ովքեր ձգտում են հանրության շրջանում հակաբանակային դիրքորոշումներ ձևավորել: Նման նպատակ հետապնդող հրապարակումներն ունեն մի շարք առանձնահատկություններ. 1. բանակային թեման արծարծվում է անընդհատ` կայուն պարբերականությամբ, 2. նիհիլիզմով հագեցած հրապարակումներում կատարվում են մակերեսային և կատեգորիկ ընդհանրացումներ, 3. բանակի հասցեին փակցվում են վարկաբեկող պիտակներ, 4. իրականության բացասական կողմերը ծայրահեղորեն չափազանցվում են, 5. տեղ է գտնում բացահայտ սուտ, ինչի արդյունքում իրականությունը աղճատվում է անճանաչելիորեն, 6. իրադարձությունները լուսաբանվում են միակողմանիորեն և տենդենցիոզ կերպով. մասնավորապես շրջանցվում կամ վարկաբեկվում, արժեզրկվում է ամեն դրականը: Երբեմն բանակի, արդարության, օրինականության մասին խոսում են մարդիկ, որոնց կենսագրությունը ճիշտ հակառակն է մարմնավորում»,- նշեց փորձագետը:
Նրա կարծիքով՝ անցնող տարին հակասական էր. եղան ողբերգական միջադեպեր, միաժամանակ նաև ձեռքբերումներ, որոնցով կարելի է միայն հպարտանալ ու իբրև այդպիսին նախևառաջ պետք է նշեմ վերջին զորավարժությունները Արցախում, ինչն ապացույցն է այն բանի, որ մեր բանակը ունակ է լրջագույն ռազմական խնդիրներ լուծել:
«Հաջորդը, թերևս, մեր երկրի անվտանգության խորհրդում օրերս հաստատված սպառազինությունների զարգացման հնգամյա ծրագիրն էր, որը ադրբեջանական ագրեսիան զսպելուն ուղղված կարևոր քայլ պետք է համարել: Սույն ծրագրով կանխվում է Ադրբեջանի կողմից ռազմական շեշտակի գերազանցություն ձեռք բերելու, հետևաբար նաև պատերազմը վերսկսելու հավանականությունը:
Հատկապես կառանձնացնեի նաև պաշտպանության նախարարի ուղերձը բանակի ողջ անձնակազմին, որով դրվեց վերադաս-ենթակա փոխհարաբերությունների նոր մշակույթի հիմքը: Իր ենթակայի հետ վերադասը պետք է լինի խստապահանջ և հարգալից. ահա նախարարի ուղերձի էությունը:
Կարևոր էր նաև ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի կազմում ձևավորված զորակոչային հանձնաժողովի ստեղծումը: Մեր հայրենակիցներից շատերը բանակի հետ առնչվում են զորակոչի համատեքստում: Հետևաբար բանակի հանդեպ մեր հանրության մի ստվար մասի վստահության ձեռքբերումը ուղղակիորեն համեմատական է զորակոչի ընթացքում օրինականության պահպանմանը: Հենց վերջինիս ապահովմանը նպաստելու նպատակով էլ ձևավորվել է զորակոչային հանձնաժողովը: Վերջինս ընդունում է դիմումներ, լսում քաղաքացիներին և անհրաժեշտ միջնորդություններ ներկայացնում ՊՆ այլ կառուցվածքային միավորներին և անձամբ նախարարին»,- ընդգծեց Դ. Ջամալյանը:
Նրա խոսքերով՝ անցնող տարում, շատերի մոտ կոտրվեց այն կարծրատիպը, թե տասնութամյա պատանին ի զորու չէ կռվել, հայրենիք պաշտպանել: «Ձեռքբերում չէ՞ր արդյոք այն, որ երկու ժամկետային զինծառայող - երկու հասարակ հայ պատանի կարողացան կանխել ադրբեջանական սադրանքը` չկորցրեցին իրենց, ճիշտ կողմնորոշվեցին իրադրության մեջ, գործեցին համարձակ և սառնասրտորեն` ոչնչացնելով հատուկ պատրաստություն անցած թշնամու դիվերսանտներին:
Իբրև ձեռքբերում պետք է նշել նաև զինծառայողներին բնակարաններով ապահովելը. բնակարանաշինությունը ՊՆ համակարգում լայն թափ է առնում:
Բանակը կենդանի օրգանիզմ է: Իսկ դա նշանակում է, որ միշտ առկա են լինելու լուծում պահանջող հրատապ խնդիրներ: Ներկա պահին, իբրև այդպիսին ես կառանձնացնեի պայմանագրային սերժանտական ինստիտուտի կայացումը: Այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերն արվում են, սակայն պատրաստված, գրագետ կադրային ռեսուրսի ստեղծման համար ժամանակ է հարկավոր»,- հավելեց Դ. Ջամալյանը:
Աղբյուր`http://www.panorama.am
