Պետական մարմինները ապահովո՞ւմ են տեղեկատվություն ստանալու իրավունքը

Հունվարի 20-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակեց պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքները:

Այսպիսով՝ գործադիր իշխանության պետական մարմինների վարկանիշային սանդղակում առաջին երեք տեղերում են համապատասխանաբար Տրանսպորտի և կապի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքերը:

Կայքերը գնահատվել են մի քանի սկզբունքներով՝ հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվության առկայություն, ամբողջականություն, հրատապություն (օպերատիվություն) և մատչելիություն (որքանով է հեշտ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը): Յուրաքանչյուր սկզբունքի համար առանձնացվել են չափորոշիչներ և ենթաչափորոշիչներ: Հետազոտության ժամանակ օգտագործվել է Սանկտ-Պետերբուրգի «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» կողմից մշակված մեթոդոլոգիան:

Առաջին տեղում գտնվող պետական մարմնի կայքը, ըստ գնահատման սանդղակի, ունեցել է 50.48 տոկոս թափանցիկություն, ինչը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը բարձր ցուցանիշ է համարում: Եթե կայքում բջջային օպերատորի գովազդը չլիներ, ավելի բարձր տոկոս կգրանցվեր, ասում է Մ. Հարությունյանը: Վերջին տեղը զբաղեցնող ՊԵԿ կայքը, որը ունի ընդամենը 3.20 տոկոս թափանցիկություն, ըստ փորձագետի, «ամենաանհասկանալի և խառը» կայքն է:

Վարկանիշային սանդղակի նախավերջին տեղերում են ՀՀ Ոստիկանության և Արդարադատության նախարարության կայքերը՝ 17.44 և 12.60 տոկոս թափանցիկությամբ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի դիտարկվել, քանի որ կայք չունի:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ընդգծում է, որ կայքերի բուն մոնիտորինգը կատարվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և չի բացառվում, որ դրանից հետո փոփոխություններ եղած լինեն:

Պետական իշխանության 5 մարմինների պաշտոնական կայքերը դիտարկվել են առանձին և վարկանիշային աղյուսակ չի կազմվել, քանի որ նրանց գործառույթները համեմատելի չեն (ՀՀ նախագահի կայք՝ 34.44, Ազգային ժողովի կայք՝ 37.80, ՀՀ Կառավարության կայք՝ 41.82, ՀՀ Սահմանադրական դատարանի կայք՝ 38.38 և ՀՀ Դատախազության կայք՝ 55.70 տոկոս թափանցիկություն):

«Իշխանության մարմինների կայքերի հետազոտությունը վկայում է այն մասին, որ հասարակության համար փակ են այն տեղեկությունները, որոնք վերաբերում են պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները (անգործությունը) վիճարկելուն»,- ասված է մոնիտորինգի վերաբերյալ զեկույցում: Թերությունների մեջ նշվում է նաև այն, որ կայքերում չկա թափուր աշխատատեղերի, քաղծառայության անցնելու կարգի և մրցույթների արդյունքի մասին տեղեկատվություն:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հավաստիացնում է, որ մոնիտորինգի արդյունքները տրամադրվելու են բոլոր պետական մարմիններին, դրա հետ միասին ներկայացվելու են կայքի բարելավման խորհուրդներ:

Վերջում նշենք, որ Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am