Մարդու իրավունքների հանձնակատարի երեք մտահոգությունները

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը մտահոգված է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի բացահայտված չլինելու հանգամանքով, զանգվածային լրատվամիջոցների բազմախոհության չապահովման խնդրով և զինված ուժերում մարդու իրավունքների խախտման դեպքերի առիթով: Այս խնդիրներն էին հիմնականում տեղ գտել նրա հայաստանյան այցի օրակարգում և իրենց արտացոլումը կգտնեն իր զեկույցի մեջ, որը կպատրաստվի առաջիկա ամիսներին:

«Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքների չբացահայտումը լուրջ ձախողում է և համարժեք է անպատժելիությանը»,- հունվարի 21-ին հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարեց Թոմաս Համմարբերգը:

Նա մտահոգված է նաև քրեակատարողական հիմնարկներում մարտի մեկի դեպքերի առիթով ձերբակալված անձանց առկայությամբ: «Ես այս դեպքերը քննարկել եմ իշխանությունների հետ և միջնորդել ազատ արձակել մարտիմեկյան դեպքերի հետևանքով ձերբակալվածներին»,- հայտարարեց Համմարբերգը: Լրագրողները փորձեցին ճշտել` արդյոք իշխանությունները ձերբակալվածներին ազատելու խոստում տվել են:

«Իմ տպավորությունն այն է, որ մտածում են այդ մասին»,- կարճ պատասխանեց հանձնակատարը:
Նա խուսափեց «քաղբանտարկյալ» տերմինը օգտագործելուց` նշելով, որ մարդու իրավունքների միջազգային համաձայնագրում նման եզրույթ գոյություն չունի: Սակայն չբացառեց, որ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները «քաղաքական ենթատեքստ ունեցել են»:

«Այն բանտարկյալների դատավարության պարագայում, որոնց մասին մենք խոսում ենք, լիարժեք արդարացիություն ապահովելու առումով եղել են հիմնախնդիրներ, և օրենքների առջև հավասարության սկզբունքը չի պահպանվել: Ես հավատում եմ, որ նշված երկու կարևոր սկզբունքների այդ խախտումները քաղաքական աստառ ունեցել են: Ես կարծում եմ, որ այս մարդիկ չպետք է լինեն բանտերում, որովհետև նրանց նկատմամբ կայացրած դատավճիռն ունեցել է քաղաքական նկատառումներ», - հայտարարեց Համմարբերգը:

Մարդու իրավունքների հանձնակատարը նշեց նաև, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցների գործողությունները եղել են ոչ արհեստավարժ: Փոխոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ նա բարձրացրել է ոստիկանների պրոֆեսիոնալ վերապատրաստման խնդիրը:

Համմարբերգը հանդիպել է «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ, լսել նրան և այնպիսի տպավորություն ունի, որ Փաշինյանը «շատ լավ էր նախապատրաստվել» իր հետ հանդիպմանը: «Բնականաբար, ես իմ զեկույցում կանդրադառնամ նրա վիճակին»,- ասաց նա: Իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչ Սասուն Միքայելյանի հետ հանդիպման մասին Համմարբերգը կարճ ասաց. «Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի, և ես կցանկանայի, որ նա ազատ արձակվեր»:

Համմարբերգը նշեց, որ իր համար մտահոգիչ են նաև ոչ մարտական գործողությունների հետևանքով զինված ուժերում գրանցված միջադեպերը: Նա հանդիպել է բանակում մահացած զինծառայողների ընտանիքներին և լսել նրանց: Ըստ հանձնակատարի՝ բանակում առկա խնդիրների լուծման համար հարկավոր է սահմանել խիստ կարգուկանոն և միջադեպերին արձագանքել ադեկվատ:

«Մտահոգություն կա լրատվամիջոցներում բազմակարծության չապահովման հետ կապված»,- ասաց Թոմաս Համմարբերգը՝ հավելելով, որ ինքը ՀՌԱՀ նախագահի հետ խոսել է հիմնականում «Ա1+» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների մասին, լսել է նաև եթերից զրկված հեռուստաընկերությունների մոտեցումը խնդիրների վերաբերյալ:

Վերջում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը լրագրողներին փոխանցեց, որ այցի վերաբերյալ առաջիկա ամիսներին պատրաստելու է զեկույց, որտեղ տեղ կգտնեն նաև խնդիրների լուծման կոնկրետ առաջարկություններ:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը` www.hra.am