ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դասընթաց` նվիրված երիտասարդների գործազրկությանը և զբաղվածության հիմնախնդրին

AEGEE-Yerevan-ը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում տեղի կունենա մեկօրյա դասընթաց' նվիրված երիտասարդների գործազրկությանը և նրանց զբաղվածության հիմնախդնրին: Մասնակիցները կծանոթանան հաջողակ ինքնակենսագրական և ուղեկցող նամակ գրելու հմտություններին, կսովորեն, թե ինչպես նախապատրաստվել գործատուի հետ հարցազրույցին, ինչպես նաև կտեղեկացվեն տարբեր աշխատանքային, կրթական և կամավորական հնարավորությունների մասին:
Դասընթացին մասնակցելու են ներկայացուցիչներ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնից, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից (DAAD), Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդից (IREX), Erasmus Mundus փոխանակման ծրագրից և այլ կազմակերպություններից:
«Երիտասարդության գործազրկություն» նախագծի շրջանակներում նմանատիպ միջոցառումներ կազմակերպվում են Սոֆիա, Տիրանա, Գդանսկ, Ստամբուլ, Երևան, Մոսկվա, Բարսելոնա, Լյուբլին, Թբիլիսի, Սկոպյե, Ռիգա և Իզմիր քաղաքներում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է events@aegeeyerevan.am էլ. փոստի հասցեին ուղարկել Ձեր տվյալները, ինչպես նաև ուղեկցող նամակ, որում պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել դասընթացին: Դասըթնացի օրակարգը և մյուս մանրամասները կուղարկվեն ընտրված մասնակիցներին: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը հունվարի 25-ն է:
