Պահանջում է փոխհատուցում անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար

Հունվարի 24-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատաքննությունը` ըստ հայցի Մարիամ Սուխուդյանի ընդդեմ ՀՀ ոստիկանապետի և ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցչի կողմից իր սաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու փաստը բացահայտելուց և հրապարակելուց հետո հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ գործ էր հարուցվել զրպարտության և սուտ մատնության մեղադրանքով, որը հետագայում կարճվել է: Դեռ գործի նախաքննության փուլում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը 21.08.2009թ.-ին մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարել է, որ Մարիամ Սուխուդյանը անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասներին դրդել պատժելի արարքների։ Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում Սուխուդյանին անվանել է «հանցագործ»:

Դատարանում հայցվոր կողմի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը կրկին պնդեց, որ խախտվել է իր` Մարիամ Սուխուդյանի անմեղության կանխավարկածի իրավունքը, և ոստիկանապետն ու Սայաթ Շիրինյանը, առանց վերապահումների, խոսել են այնպես, կարծես գոյություն ուներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով ապացուցված էր իր պաշտպանյալի մեղավորությունը: Բարոյական վնասի փոխհատուցման համար հայցադիմումում պահանջվում էր 1 միլիոն դրամ:

Պատասխանող կողմի երկու ներկայացուցիչներն էլ ամբողջությամբ մերժեցին հայցը՝ այն անվանելով առարկայազուրկ և անհիմն, քանի որ ՀՀ օրենսդրությամբ բարոյական վնասի փոխհատուցում նախատեսված չէ, և նման պրակտիկա գոյություն չունի: Հիշեցնենք, որ իր հայցադիմումում Մարիամ Սուխուդյանը հղում է արել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային, որին միացել է նաև Հայաստանը:

Ոստիկանության իրավական պաշտպանության բաժնի պետի տեղակալ Գայանե Գասպարյանը կրկին պնդեց, որ ոստիականապետ Ալիկ Սարգսյանը իր խոսքում նշել է, որ «քրեական գործը այս պահին ընթացքի մեջ է», իսկ Սայաթ Շիրինյանի հնչեցրած կարծիքը եղել է մասնավոր և ենթակա չի եղել հրապարակման: «Անմեղության կանխավարկածը չի կարող խոչընդոտել տեղեկատվություն տարածելու իշխանավորների իրավունքին»,- իր խոսքում նշեց ոստիկանության ներկայացուցիչը:

Իսկ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ, պետության դեմ դատական գործերի բաժնի պետ Եղիշե Բազոյանի համար անտրամաբանական է պահանջվող 1 միլիոն դրամ փոխհատուցման պահանջը: «Ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով է գնահատվում, հաշվարկվում բարոյական վնասը, հայցադիմումում չի երևում»,- ասաց նա:
Դատավոր Կարինե Պետրոսյանը լսեց կողմերի ճառերը և պարզաբանումները: Դատավճիռը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am