Human Rights Watch-ը քննադատում է Հայաստանին և նրա միջազգային գործընկերներին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում քննադատել է Հայաստանի իշխանություններին' մարտիմեկյան դեպքերի առիթով պատշաճ հետաքննություն չանցկացնելու, ոստիկանությունում բռնարարքներ թույլ տալու, հավաքների ազատությանը խոչընդոտելու համար:

2010 թվականի ընթացքում արձանագրված այս բացթողումների ֆոնին Human Rights Watch-ը կարծում է, որ Հայաստանի միջազգային գործընկերները ամբողջությամբ չեն օգտագործել իրենց հնարավորությունները' մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանի վրա ներազդելու համար:

«Իշխանությունը նախկինի նման իրական հետաքննություն չանցկացրեց' հայտնաբերելու համար 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների դեմ ոչ համարժեք ուժ կիրառողներին: Ուժի կիրառման համար ընդամենը 4 ոստիկան դատապարտվեց, նրանք էլ' համաներմամբ անմիջապես ազատ են արձակվել», - հայտարարում է Human Rights Watch հեղինակավոր կազմակերպությունը երկուշաբթի օրը հրապարակած իր զեկույցում, որտեղ հիշատակվում են մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորված ընդդիմադիր գործիչները, որոնք դեռևս անազատության մեջ են մնում:

Կազմակերպության գնահատմամբ' երկրում շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը:

Մանրամասն անդրադարձ կա նախորդ տարվա ապրիլին Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանի մահվան դեպքին: Զեկույցի հեղինակները փաստում են' կա պաշտոնական վարկած, թե երիտասարդը ինքնասպան է եղել, սակայն նրա հարազատների և մի շարք իրավապաշտպանների համոզմամբ' Խալաֆյանին ոստիկանությունում սպանել են:

Human Rights Watch-ը իր տարեկան զեկույցում անդրադառնում է նաև YouTube կայքում հայտնված տեսանյութին, որտեղ Զինված ուժերի սպան ստորացնում ու ծեծի է ենթարկում երկու շարքային զինվորականների:

Մեկ այլ դեպքի մասին էլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը գրում է. - «Հունիս ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին մեղավոր ճանաչեց 2009 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկում մահացած Աշոտ Հարությունյանի գործով: Դատարանը գտավ, որ խարդախության և հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով դատապարտված տղամարդու համար իշխանությունները պատշաճ կերպով չեն ապահովել մի շարք խրոնիկ հիվանդությունների բուժումը»:

«8-րդ տարին է' եթերազրկված է «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը», - 2010 թվականն ամփոփող զեկույցում փաստում է իրավապաշտպան կազմակերպությունը' շարունակելով. - «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում կատարված փոփոխությունները խոսքի ազատության և բազմակարծության առումով լրատվամիջոցների համար խոչընդոտներ են ստեղծել: 
Կատարված փոփոխությունները, մասնավորապես, սահմանափակում են հեռուստաընկերությունների թիվը, որոնք կարող էին մասնակցել թվային հեռարձակման համար հայտարարված կապուղիների մրցույթին, նաև' առավելություններ են տալիս գործող հեռուստաընկերություններին, ինչը նորերի համար կապուղի ստանալու տեսանկյունից խոչընդոտ է»:

Հեղինակավոր կազմակերպությունը նշում է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները շարունակել են սահմանափակել նաև քաղաքացիների' ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը։

Անդրադառնալով իրավապաշտպանների գործունեությանը Հայաստանում' Human Rights Watch-ը տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանի վրա կատարված հարձակման փաստով հետաքննության դադարեցման, հանցակազմ չհայտնաբերելու' ոստիկանության հայտարարության, նաև' հատուկ դպրոցի ուսուցչին անչափահասների նկատմամբ սեռական բռնություններ կատարելու մեղադրանքներ ներկայացրած Մարիամ Սուխուդյանի նկատմամբ սուտ մատնության փաստով հարուցված քրեական գործի մասին: «2010 թվականի մարտին Միացյալ Նահանգների դեսպանատունը նրան արիության հատուկ մրցանակով պարգևատրեց, դրա հաջորդ օրը քրեական գործը կարճվեց», - Սուխուդյանի մասին նշում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

Կարծիք հայտնելով, որ Հայաստանի միջազգային գործընկերները ամբողջությամբ չեն օգտագործել իրենց հնարավորությունները' մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանի վրա ներազդելու համար, Human Rights Watch-ը, մասնավորապես, նշում է. - «Եվրոպական հարևանության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող մայիսյան զեկույցում, օրինակ, նշված էր Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, ինչի արդյունքում էլ պաշտոնական Բրյուսելը Երևանի հետ ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսեց»:

Աղբյուր' www.azatutyun.am