ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սպանված զինվորների ծնողները դադարեցնում են բողոքի ակցիաները
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն այսօր' փետրվարի երեքին, կրկին եկել էին կառավարության շենքի դիմաց' այս անգամ հայտարարելու, որ ժամանակավորապես դադարեցնում են բողոքի ակցիաները:
Նրանցից մեկն ասաց, որ իրենց ընդունել է նորանշանակ զինդատախազ Գևորգ Կոստանյանը, լսել է բողոքները, խոստացել է բացահայտել տեղի ունեցած սպանությունները:
«Մենք հավատացել ենք և հավատում ենք, որ նորանշանակ զինդատախազը կանի ամեն բան, սպանված զինվորների ծնողների պահանջը բավարարելու համար: Մենք կսպասենք 10 օր, հուսադրող բաներ կան, որ կբացահայտվեն կոծկված, թաքնված, չհարուցված քրեական գործերը»,-ասաց ծնողներից մեկը:
Նրանք նաև նշեցին, որ եթե իրենք հուսախաբ լինեն ու եթե պարզվի, որ սպանված զինվորներից որևէ մեկի սպանության գործը բացահայտելու համար պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել ու արդար քննություն չի իրականացվել, ապա իրենք կվերսկսեն բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոտեցել էր նախագահի նստավայրի մոտ հավաքված ցուցարարներին, խոսել նրանց հետ, ապա խոստացել, որ նոր զինդատախազը կլսի նրանց խնդիրը և կզեկուցի իրեն:
Աղբյուր` www.panorama.am
Այս թեմայով այլ նյութեր կարդացեք այստեղ:
