Հրայր Կարապետյանը արդեն տեղյակ է, որ զոհված զինծառայողների ծնողները ստանում են 9.100 դրամ ամենամսյա դրամական օգնություն (վիդեո)

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը www.hra.am -ի հարցին, թե հնարավո՞ր է բարձրացվի ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ բանակում որդի կորցրած ընտանիքի անդամների 9.100 դրամ ամենամսյա դրամական օգնությունը, նախ հարցրեց, թե 9.100 դրամը ո՞ր թոշակի մասով է, այնուհետև հույս հայտնեց, որ այդ թիվը կբարձրանա, քանի որ շատ ցածր է:

Այս մասին Կարապետյանը հայտարարեց փետրվարի 4-ին «Նովոստի» մամուլի կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ առանձնացրեց նաև մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են զինծառայողների ծնողներին բժշկական աջակցություն ցուցաբերելուն:

«Օրինակ, մի նախագիծ մենք այսօր քննարկեցինք, որն արդեն 2 տարի օրակարգում է, խոսքը վերաբերում է զինծառայողների հարազատների բուժմանը: Դուք գիտեք, որ օրենքով այս բուժումը պետք է լինի ձրի, բայց պետպատվերը իջեցնում են միայն զինվորական հոսպիտալներին, հոսպիտալներում 2-3 ամիս հերթ են կանգնում , հաճախ ավելի երկար: Մենք առաջարկում ենք, որ այս պետպատվերները իջեցնեն հոսպիտալներից նաև այլ բուժհիմնարկներին ... մարդը, ով արագ վիրահատության կարիք ունի, չպետք է 2-3 ամիս սպասի, կամ կարելի է վիրահատության գումարը տալ որպես փոխհատուցում»,- www.hra.am -ին պատասխանեց Կարապետյանը:
Նա համոզված է, որ այս տարի ՀՀ կառավարությունը չի կարող մերժել իրենց առաջարկը` պատճառաբանելով տնտեսական ճգնաժամը:

Անդրադառնալով հայկական բանակում ներքին կարգապահական կանոնների բացակայելու կամ չգործելու արդյունքում բանակում արձանագրվող սպանություններին ու դժբախտ ավարտով դեպքերին՝ Կարապետյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են բարեփոխել Զինված ուժերի ընդհանուր կարգապահական, ներքին կարգապահական և կայազորային ու պահակային ծառայությունների 3 կանոնագրքերը:

«Օրինակ, զինվորականը, եթե բողոքում է, որ հրամանատարը անարդար բան է արել, ինքը ոչ թե նույն հրամանատարին պետք է բողոքի, այլ, ըստ այդ կանոնագրքի, վերադասը պետք է քննի այդ հրամանատարի հարցը, ոչ թե այդ նույն հրամանատարը, ով կվերցնի բողոքը ու պարզ չի՞ ինչ կանի, մի հատ էլ հավելյալ կպատժի»,- ասում է Կարապետյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր չէ, որ նույն կայազորի վերադասը կոծկի զինվորականի բարձրացրած բողոքը, Կարապետյանը պատասխանեց, որ այդ ամենը վերահսկվելու է ներքին կանոնադրության մասով ծառայության անվտանգության խորհրդի կողմից, նաև ներգրավված են լինելու տվյալ տարածքում մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների ինստիտուտի աշխատակիցները:

Կարապետյանն ի դեպ առաջարկում է Հայաստանում ստեղծել զինվորական օմբուդսմենի ինստիտուտ:
«Կա նույնիսկ հոդված հրամանատարների հրամանների սահմանափակման մասին, թե ինչ հրամաններ չի կարող տալ հրամանատարը, իսկ հիմա նման բան չկա օրենքով, ինչ ուզում անում են հրամանատարները, և նրանք ովքեր բարեխիղճ մարդիկ չեն, գերազանցում են իրենց լիազորությունները և գերազանցման արդյունքում առաջացնում են զինվորների ըմբոստությունը և այն, ինչ որ դուք գիտեք... Զինվորի արժանապատվությունը ոտնահարող ցանկացած հրաման բացառվելու է»,- համոզված է Կարապետյանը:

Կարինե Իոնեսյան

Աղբյուր՝ www.hra.am