ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եթե այսպես շարունակենք, Հայաստանին դուրս կհանեն բնապահպանական միջազգային կոնվենցիաներից (video)

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, բնապահպանների կարծիքով, չեզոք դիրքորոշում են որդեգրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայրում կառուցվող մոթելների կապակցությամբ։
Այս մասին փետրվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին Էկոլոգիական - հասարակական դաշինքի «ՍՕՍ Խոսրով» աշխատանքային խմբի անդամներ Կարինե Դանիելյանը, Հրանտ Սարգսյանը, Մարինա Օգանեզովան և Մարիամ Սուխուդյանը։
Բնապահպանները համոզված են, որ արգելոցում և արգելավայրում տարբեր տեսակի շենքերի կառուցումը և «ոտքի ճանապարհ դարձնելը» կարող է վտանգի տակ դնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված 3 արգելոցներից մեկը (մյուս երկուսը համարվում են Էրեբունին և Շիկահողի արգելոցները)։
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեր ուղարկած դիմումին պատասխանել են չեզոք ձևով՝ ուղղակի գրել են, որ այս կամ այն որոշման համաձայն արգելոցը վերածվել է արգելավայրի, հետո, թե ինչ պետական հանդիպումներ ու որոշումներ են եղել։ Իսկ բնապահպանության նախարարությունը գրում է նույնը, միայն վերջում ավելացնում է, որ նոր ազգային 2 պարկ են ստեղծել։ Իրոք, ստեղծել են, և դա շատ լավ է, բայց ստացվում է այնպես, որ ուզում են ասել՝ դե այս մի բացթողումն էլ մի՛ տեսեք, էլի»,- պաշտոնական պատասխանները www.hra.am -ին այսպես է մեկնաբանում բնապահպան Կարինե Դանիելյանը։
«Մարդիկ չեն հասկանում, որ այդ ամենը անտրամաբանական է, ասում են՝ տեսե՛ք, ինչ գեղեցիկ շինություններ են, ինչ հարմար պայմաններ են ստեղծված հանգստացողների համար»,- զայրանում է Սարգսյանը։
Երիտասարդ բնապահպանների բարձրացրած աղմուկի և պետական պաշտոնյաների Խոսրովի արգելոց այցելություններից հետո ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր այդ հարցերով, բայց, բնապահպանների կարծիքով, գործեց այն ճշմարտությունը, որ «եթե ուզում ես խնդիրը փակվի, ստեղծի՛ր հանձնաժողով»։
Բնապահպանները շարունակում են պնդել, որ խախտվել են ՀՀ օրենքները և միջազգային կոնվենցիաները, մասնավորապես, ՀՀ օրենքը «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և Օրհուսի ու Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիաները։
«Օրենքը և կոնվենցիաները սահմանում են, որ ՀՀ պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խաթարում է կամ կարող է խաթարել էկոհամակարգի կայունությունը, այն, ինչը մենք տեսանք... Եթե այսպես շարունակվի մենք արդեն 2 նկատողություն ենք ստացել Դալմայի այգիների և Թեղուտի անտառի հատման համար, ու նման նկատողություններ հաճախակի ստանալու պարագայում հնարավոր է, որ մեր երկրից պահանջեն դուրս գալ միջազգային կոնվենցիաներից, որն արդեն խայտառակություն կլինի մեր երկրի համար»,- համոզված է Դանիելյանը։
Դանիելյանը նաև ծիծաղելի է համարում ՀՀ կառավարության 2007թ.-ի որոշման Գիլանը արգելավայրի վերածելու հիմնավորումը։
«Ըստ հողային օրենսգրքի՝ լուրջ հիմնավորում պետք է լիներ հողի կարգավիճակը փոխելու համար, իսկ այստեղ նշված է, որ հողի կարգավիճակը իջեցնում են բուսական, կենդանական աշխարհի պահպանության և կայուն օգտագործման նպատակով... բացարձակ լոգիկայից դուրս հիմնավորում է»,- համոզված է Դանիելյանը։
Էկոլոգիական - հասարակական դաշինքի «ՍՕՍ Խոսրով» աշխատանքային խմբի անդամները պատրաստվում են կազմակերպել հատուկ ստորագրահավաք և շարունակել բարձրացնելը խնդիրը բոլոր պետական կառույցներում։ Երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը առաջարկում է ստեղծել մոնիթորինգի խումբ կամավորներից բաղկացած, ովքեր առանց ֆինանսական աջակցության պատրաստ են հետևել, թե ինչ է կատարվում Գիլանի արգելավայրում։
«Ասում են՝ այնտեղ շենքեր են եղել, մարդիկ են բնակվել, ու կենսաբազմազանություն չկա, գուցե այն ժամանակ, երբ շինարարություն է եղել ու ծանր տեխնիկա է մտել այդ տարածք, չկային կենդանիներ, բայց ես բազմիցս եմ այնտեղ գնացել ու գնալու եմ, ու այս տարվա ընթացքում, քանի որ սառեցված էր գործընթացը, մենք հայտնաբերել ենք արջերի, գայլերի ու քարայծերի ոտնահետքեր, այսինքն՝ այնտեղ մի հիանալի տեղ է կենդանական ու բուսական աշխարհի համար»,- համոզված է Սուխուդյանը։
www.hra.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ բնապահպանության նախարարությունից։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը պատասխանեց, որ այժմ շինարարության ընթացքը կասեցված է, և իրականում մեկ փոքրիկ շինություն է կառուցվել։ Նա նաև ասաց, որ նախարարությունը չի կարող որևէ դիրքորոշում ցույց տալ, քանի որ դա կառավարության համապատասխան որոշումով է իրականացվել։
«Մենք ընդամենը կառավարության մի փոքրիկ մասն ենք և չենք կարող ինչ-որ բան անել, բայց չեմ կարծում, որ ՀՀ կառավարությունն այնպես կանի, որ միջազգային կոնվենցիաներից դուրս գալու խնդիր լինի»,- համոզված է Պեպանյանը։
Կարինե Իոնեսյան
Աղբյուր՝ www.hra.am
