Պատգամավորի եղբայրը ձերբակալվել է

Փետրվարի 23 ժամը 12:05-ին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին, հրավիրել են ԱԱԾ ու ձերբակալել: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նշենք, որ փետրվարի 18-ին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանի դեմ ՀՀ Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:

Տիգրան Փոստանջյանն այժմ գտնվում է ԱԱԾ անձանց ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանում: Հայկ Ալումյանի ասելով` ԱԱԾ-ն կատարել է գործողություններ, որոնք չեն բխում քրեական դատավարության օրենսգրքից:

«Իրավապահ մարմինները գտնում են, որ եթե չձերբակալեին Տիգրան Փոստանջյանին, ապա նա կարող է խուսափեր քրեական պատասխանատվությունից, փախչել, նոր հանցագործություն կատարեր կամ ճնշումներ գործադրեր վկաների վրա: Մենք գտնում ենք, որ նման հիմքեր չկան. Տիգրան Փոստանջյանը փետրվարի 18-ից արդեն գիտեր, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, սակայն նման ոչ մի գործողության չի դիմել և ոչ մի հիմքեր չկան, որ հետագայում էլ հնարավոր է նման քայլերի դիմեր»,- ընդգծեց փաստաբանը:

Այժմ փաստաբանը պատրաստվում է դատական նիստին. փետրվարի 26-ին լրանում է Տիգրան Փոստանջյանի ձերբակալման 72-րդ ժամը և այդ դեպքում դատարանը պետք է որոշի` նրա նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց ընտրե՞լ, թե ոչ:

Աղբյուր՝ www.a1plus.am