Կբուժվեն նաև դատապարտյալները

«Պատրաստվում ենք ընդլայնել մետադոնային ծրագիրը և այդ նպատակով առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմելու ենք քրեակատարողական հիմնարկներ»,- ասում է ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը։   

«Նարկոլոգիական» կլինիկայում իրականացվող մետադոնային ծրագիրն (մետադոնը հատուկ սինթետիկ նարկոտիկ դեղամիջոց է, որով բուժում են թմրամոլներին) այսուհետ ներառելու է նաև քրեակատարողական հիմնարկները։ Ծրագրում դեռևս ներգրավված է ընդամենը 120 հոգի, մինչդեռ այն 450 հոգու բուժելու հնարավորություն է տալիս:

«Դե քանի հոգի դիմել են՝ընդգրկվել են, կամաց- կամաց առաջիկա 4 տարվա ընթացքում կընդգրկվեն ու թիվը կշատանա, ինչպես 1 տարվա ընթացքում նրանց թիվը 60-ից հասավ 120-ի»,- ասում է Նարկոլոգիական» կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը:

Նրա կարծիքով՝ ծրագրում քիչ մարդիկ են ներգրավված, քանի որ շատերը տեղյակ չեն կամ չեն ցանկանում դիմել:

«Այդպես էլ չհասկացանք, թե ինչու են այդքան քիչ մարդ ներգրավել՝ հաշվի առնելով, որ մեր երկրում թմրամոլների թիվը աճել է, բայց հասկացանք, որ շատ բարդ է այդ ծրագրի մեջ մտնելու մեխանիզմը: Կարծում եմ, որ այնտեղ ինչ-որ մախինացիաներ են արվում ամեն դեպքում, դրա համար շատ կոպիտ պատասխան ստացանք, որ մենք այնտեղ անելիք չունենք, բայց մոտ մեկ ամիս հետո պատրաստվում ենք նորից անդրադառնալ այդ խնդրին»,- ասում է Հելսինկյան ասոցիացիայի ծրագրերի մասնագետ Արսեն Բաբայանը:

Հելսինկյան ասոցիացիան «Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2009-2010թթ-ին մոնիթորինգ է իրականացրել  հոգեբուժական 4 հաստատություններում. «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաներ, «Նարկոլոգիական» կլինիկա և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց»։

Մոնիթորինգի խմբի անդամներին թույլ չէին տվել ուսումնասիրություններ կատարել  «Նարկոլոգիական» կլինիկայում։ Պետրոս Սեմերջյանը  www.hra.am  -ին տեղեկացրեց, որ նրանք իրավունք չունեին մուտք գործել իրենց կլինիկա, որովհետև իր կարծիքով՝այն հոգեբուժական հաստատություն չէ։

Մոնիթորինգի խումբն իր զեկույցում անդրադարձել է հոգեբուժարանների հատկապես անմխիթար շենքային պայմաններին։

Հայաստանի 4 հոգեբուժական հաստատություններում  տասնյակ տարիներ չեն կատարվել լուրջ վերանորոգման աշխատանքներ, միայն երբեմն կոսմետիկ բնույթի աշխատանքներ են տարվել:

« « Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկան գտնվում էր բավականին վատ սանիտարահիգիենիկ վիճակում: Ցանկացած ընդհանուր տիպի բաժանմունք ուներ 2սանհանգույց' մեկը աշխատակիցների, մյուսը հիվանդների համար: Վերջիններիսսանհանգույցը գտնվում էր անմխիթար վիճակում' առաստաղը և պատերը քայքայված, խողովակները ժանգոտած, ծորակները անսարք: Սանհանգույցում կային երեքական լվացարան և երեքական ասիական տիպի զուգարաններ, որոնք միջնորմով առանձնացված չէին»,- նշված է զեկույցում:

ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը նշեց, որ իրենք տեղյակ են այդ խնդիրներից և իրենք էլ բարձրաձայնում են.«Հիվանդներին կարողանում ենք ապահովել դեղորայքով, բայց շենքային պայմանները բարելավելու համար պետությունը գումարներ չի հատկացնում»:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am