ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Փոստանջյանը մոտ մեկ շաբաթ է հացադուլ է հայտարարել
Մոտ մեկ շաբաթ է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Տիգրան Փոստանջյանը հացադուլ է հայտարարել. նա բողոքում է իրեն անհիմն կալանավորելու և մեկուսարանի անտանելի պայմանների դեմ։
«19 անձ պահվում են մեկ խցում, որը մոտավորապես 25 քմ է, մինչդեռ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 20-րդ հոդվածի յուրաքանչյուր կալանավորի պետք է տրամադրվի առնվազն 4 քմ տարածք։ Հիգիենայի պայմաններն անբավարար են, միջատները շատացել են, որոնք կծում են և դրանից ալերգիկ երևույթներ են առաջանում։ Միջատներին ոչնչացնելու համար ինչ-որ քիմիական նյութեր են օգտագործում, որոնք նույնպես ալերգիկ ռեակցիա են առաջացնում։ Նա հագուստով է քնում, որ միջատները չկծեն, միայն դեմքն ու ձեռքերն են բաց մնում»,- www.hra.am -ին ասաց Տիգրան Փոստանջյանի քույրը՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Ժառանգություն» կուսակցությունը և անձամբ Զարուհի Փոստանջյանը հայտարարություններ ու նամակներ են հղել իրավասու ներպետական մարմիններին և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներին՝ ահազանգելով, որ մի կողմից քրեական գործ հարուցելու, մյուս կողմից անտանելի պայմաններում պահելու նպատակը որոշակի ճնշումներ գործադրելն է։
Աղբյուրը՝ www.hra.am
