«Այդ 100.000–ը «Կոկա–կոլայի» ռեկլամի պես է՝ էնքան են ասել, որ տպավորվել է»,– ասում է Փոստանջյանի գործով վկան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Արթուր Մկրտչյան) շարունակվում է Տիգրան Փոստանջյանի դատավարությունը։ Փոստանջյանը մեղադրվում է Երևանի Կոմիտաս 23/1 հասցեում ապօրինի կցակառույցի շինարարությունը չխոչընդոտելու, չընդհատելու և այդ մասին իրավասու մարմինների չհայտնելու համար 100.000 դրամ վերցնելու մեջ։

Դատավարությունը մտել է ապացույցների հետազոտման փուլ։ Մայիսի 16-ին հարցաքննվեցին Փոստանջյանի գործընկերները՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման  բաժնի  4 աշխատակիցներ։

Բաժնի գլխավոր մասնագետ Վանիկ Խաչատրյանի խոսքերով՝ ինքը արձակուրդից վերադառնալուց հետո ինչ-որ խոսակցություններ է լսել, որ «Տիգրանը ապօրինություններ է թույլ տվել, գումար է վերցրել»։ Խոսքը, նրա հիշելով, 40.000 դրամ «մաղարիչի» մասին էր։ Նա նաև աղոտ հիշեց, որ մինչ արձակուրդ գնալը պատահաբար լսել է Տիգրան Փոստանջյանի և 2 քաղաքացիների խոսակցություն, ովքեր վիճաբանում էին. «Էդ տղաներից մեկը ասում էր՝ 40.000 դրամ եմ տվել, ինչո՞ւ է տեղեկանքն ուշանում, Տիգրանն էլ ասում էր՝ ի՞նչ 40.000 դրամ»։ Դատախազ Արամ Ամիրզադյանի «100.000 դրամի վերաբերյալ որևէ խոսակցություն լսե՞լ եք» հարցը հանվեց, քանի որ, ըստ պաշտպանության կողմի՝ հուշող հարց էր։ Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը հարցրեց, իսկ ինչի՞ց է նա ենթադրել, որ այդ գումարային խոսակցությունը վերաբերել է հենց Կոմիտաս 23/1 տարածքին։ Վկան պատասխանեց, որ այդ մասին իմացել է թերթերից՝ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։

Կոմունալ բաժնի առաջատար մասնագետ Սամվել Սիմոնյանն իր ցուցմունքում ասաց, որ Կոմիտաս 23/1 հասցեի ապօրինի շինության տերն անձամբ իրեն ասել է, որ «Տիգրանի հետ խոսել են և պայմանավորվել են, որ շինարարությունը շարունակվի»։ Նա այդ մասին զեկուցել է իրենց վերադասին՝ բաժնի պետ Հրայր Անտոնյանին։  Հաջորդ օրը բաժնի ընթացիկ ժողովի ժամանակ այդ հարցը քննարկվել է. «Բաժնի պետը հարցրեց՝ գումա՞ր ես վերցրել։ Տիգրանն ասաց՝ 100.000 դրամ եմ վերցրել, որ թույլ տամ շարունակեն։ Պետը զայրացավ, ասաց՝ իրավունք չունեիր նման բան անել և խորհրդակցությունից հրավիրեց դուրս»,- դատարանում պատմեց վկան։

Սամվել Սիմոնյանը ոչ մի կերպ չկարողացավ բացատրել, թե ինչպես է պատահել, որ Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո, այնուամենայնիվ, ապօրինի շինարարությունն ավարտին է հասցվել և մինչ օրս ոչ մի միջոց չի կիրառվել. ո՛չ արձանագրություն է կազմվել, ո՛չ կցակառույցը քանդվել է, ո՛չ էլ օրինականացվել։

Նույն բաժնի առաջատար մասնագետ Ալեքսան Մկրտչյանը մի քիչ այլ կերպ ներկայացրեց ժողովի ժամանակ կատարվածը. «Պետը հարցնում էր՝ եթե ապօրինի շինություն ես հայտնաբերել, ինչո՞ւ չես արձանագրել, փո՞ղ ես վերցրել, որ չես արձանագրել։ Տիգրանն էլ ձայն չհանեց, ոչինչ չասաց։ Բաժնի պետն ամոթանք տվեց և դուրս հրավիրեց սենյակից»,- պատմեց վկան։

Հայկ Ալումյանի այն հարցին, թե արդյո՞ք կարող էր մեկ աշխատողը, շրջանցելով ապօրինի շինությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող Քաղաքաշինության նախարարությանը, Քաղաքապետարանին, ոստիկանության թաղային աշխատակցին և իր բաժնի մյուս կոլեգաներին, ինքնագլուխ թույլ տալ, որ ապօրինի շինարարություն կատարվի և ավարտին հասցվի, վկա Ալեքսան Մկրտչյանը պատասխանեց՝ «ոչ»։

Վկա Օնիկ Մուրադյանը թեև իր նախաքննական ցուցմունքում գրել է ենթադրյալ կաշառքի կոնկրետ չափի մասին, սակայն դատարանում վկայություն տալիս չէր հիշում, թե որքան գումարի մասին է եղել խոսակցությունը։ Դատախազի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ցուցմունքում գրել 100.000 դրամ, վկան պատասխանեց. «Այդ 100.000-ը «Կոկա-կոլայի» ռեկլամի պես մի բան է դարձել բոլորիս համար։ Այսինքն՝ էնքան են ասել, որ մեր մեջ տպավորվել է»։

Դատախազի տված հարցերին վկա Օնիկ Մուրադյանը խուսափողական պատասխաններ էր տալիս, իսկ երբ նույն հարցը մի քանի անգամ կրկնվեց, վկան սրտնեղած ասաց. «Եթե բան կա, հարցրեք, հուշեք' ես ինչ ասեմ», իսկ ավելի ուշ ավելացրեց, որ չի ուզում այնպիսի բան ասել, որ «մեկին լավ լինի, մյուսին՝ վատ». «Եթե իմանայի, որ 6 ամիս հետո ստեղ պիտի գամ, ուրիշ ձև կգրեի»։

Տիգրան Փոստանջյանը նիստի սկզբում հայտարարել էր, որ ինքը չի խոսելու, բայց խախտեց լռության խոստումը և հավելեց, որ 100.000 դրամը բոլորի մեջ տպավորվել է, որովհետև այդպես է գրված եղել Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ 

Դատական նիստը կշարունակվի մայիսի 20-ին, որի ընթացքում կհարցաքննվի գործով վկա Ռուբեն Կիրակոսյանը։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Տիգրան Փոստանջյանը մոտ մեկ շաբաթ է հացադուլ է հայտարարել. նա բողոքում է իրեն անհիմն կալանավորելու և մեկուսարանի անտանելի պայմանների դեմ։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am