ԱԺ պատգամավորների գործունեությունը վերահսկվում է (վիդեո)

ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ԱԺ-ում՝ որպես կանոն ելույթներ են ունենում հիմնականում ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները և ընդունվում են, որպես կանոն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» աջակցությամբ «Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից 2010թ-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացված մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ նստաշրջանի ընթացքում քննարկված  նախագծերի գերակշիռ մասի հեղինակը ՀՀ կառավարությունն է. ԱԺ  օրակարգում ընդգրկված 181 նախագծերից ու փաթեթներից ընդունված 56 օրենքներից միայն  15-ն էին ԱԺ պատգամավորների նախաձեռնությունները:

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը նշում է, որ դա պայմանավորված է նրանով, որ իրենց, ինչպես նաև՝ խորհրդարանական այլ ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացվող տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ անգամ չեն մտնում օրակարգ, քանի որ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում խորհրդարանում:

Այս մոնիթորինգի ընթացքում առանձնացվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնց շուրջ քննարկումներն ու հասարակական կազմակերպությունների արձագանքներն ակտիվ են եղել. ՀՀ «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Լեզվի մասին», «Հանրակրթության մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում կատարվող փոփոխությունների նախագծերը:

Մոնիթորինգի արդյունքում տպագրված ամփոփագրում ներկայացված են միևնույն թեմայի շուրջ  քաղաքական ուժերի կարծիքները, ինչպես նաև՝ ոլորտի փորձագետի գնահատականը:

ՀՀ «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» օրենսդրական նախաձեռնությունները  կարևոր քննարկման առարկա էին դարձել' հաշվի առնելով 2009թ-ին ի հայտ եկած տնտեսական ճգնաժամն ամբողջ աշխարհում, ինչպես նաև՝ Հայաստանում:

Փորձագետ Անդրանիկ Թևանյանի համոզմամբ' ընդհանուր փիլիսոփայությունը միտված  է եղել բյուջե հնարավորինս ավելի շատ գումար բերելու ուղղությամբ, որի հետևանքով սկզբում տուժեցին փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, հետո նաև՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:

Թևանյանը, հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, եզրակացրել է, որ Հայաստանի կառավարությունը համաշխարհային մակարդակով վատագույն տնտեսական քաղաքականությունն է իրականացրել, քանի որ 2009թ-ին արձանագրվել է -14.4 տոկոս ՀՆԱ անկում, որը երկրորդն էր Ուկրաինայից հետո, իսկ միջին անկումը համաշխարհային մակարդակով լինում է -3.4 տոկոս:

Քննարկմանը ներկա ԱԺ ԲՀԿ և ՀՀԿ ներկայացուցիչները վիճարկեցին Թևանյանի կողմից ներկայացրած փաստերը' նշելով, որ չեն բացառում, որ այդ ամենը եղել է, բայց իրականում պետք է խոսել նաև դրական փոփոխությունների մասին։ Սակայն Թևանյանը նշեց, որ իր ուսումնասիրած օրենքների ու դաշտի շրջանակում փաստացի և թվերով ոչ մի դրական փոփոխություն չի արձանագրել' հաշվի առնելով ՀՀ ՀՆԱ-ն, սղաճը, փոխարժեքը, արտաքին և ներքին առևտրի բալանսը և եկամուտների մակարդակը:

«Բացի այդ մենք ներկայացրել ենք կոնկրետ առաջարկներ այդ խնդիրները լուծելու համար, որոնք կարող եք նայել և կիրառել»,- պատասխանեց Թևանյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը համաձայնեց Թևանյանի հնչեցրած մտահոգությունների հետ' նշելով որ դեռ տասնյակներով կարող է համալրել նրա բողոքի ցուցակը՝ տնտեսական առումով։

Մոնիթորինգի արդյունքները ներկայացնելուց բացի կան հստակ տվյալներ, թե պատգամավորներից ովքեր են ներկա լինում ԱԺ նիստերին, ովքեր են բացակայում, ովքեր են ելույթ ունենում, քվեարկում և այլ տեղեկատվություն։ Ամեն քառօրյա նստաշրջանից հետո թարմացված տվյալներ  հնարավոր է գտնել www.parliamentmonitoring.am կայքում:

Այդ տեղեկությունների համաձայն՝ ամենաշատ բացակայողը ՀՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանն է, ով ընդամենը մեկ անգամ է մասնակցել ԱԺ նիստերին և նույնիսկ ներկա գտնված օրը մասնակցել քվեարկությանը:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am